028 Ո՞Վ Է ԱՅՍ ԹԱԳԱՎՈՐԸ

«Ո՞վ է այս փառաց Թագավորը. ՏԵՐԸ՝ ուժեղ պատերազմի մեջ» (Սաղմոս 24.8  «Երգեցե՛ք Աստծուն. Սաղմո՛ս ասացեք Նրա անվանը։ Ճանապարհ պատրաստեցեք անապատի միջով հեծած եկողին։ ՏԵՐ (ԵԱՀ) է Նրա անունը. և ցնծացե՛ք Նրա առաջ» (Սաղմոս 68.4)։

Ո՞վ է այս  Թագավորը։

«Ահա Աստվա՛ծ է իմ փրկությունը։ Ես հո՛ւյս ունեմ և չե՛մ վախենա. որովհետև իմ զորությունն ու գովասանքը ՏԵՐ ԱՍՏՎԱԾ է(ԵԱՀ) և Նա ինձ փրկություն եղավ» (Եսայի 12.2)։

Ո՞վ է Հիսուս ձեզ համար: Ի՞նչ կասեք:

Մատթեոս 16.15-ում, Հիսուս ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում Ինձ համար, ո՞վ եմ Ես»։ Այն ամենը, ինչ արարվել է, ապացույցն է այն բանի, որ Հիսուս Քրիստոս Տե՛րն է, Նա՛ Աստված է, բացարձակ իրականությունն է։ Նա՛ է Կյանքը, որն ինչ-որ այլ բանի արգասիք չէ և որը կախված չէ ինչ-որ բանից ու ինչ որ մեկից։

Քրիստոսն առաքինության բոլոր դրսևորումների հիմքն է։ Նա Ինքն է այն Միակ Էությունը։ Նրանո՛վ է կանաչում է խոտը, փայլում արեգակը. Նրանո՛վ են շարժվում ամպերը և տեղում է անձրևը։ Քրիստոս Ի՛նքն է այն «դեղն ու դարմանը», որ բուժում է մեր վերքերը և փրկում մեզ քաոսի շղթաներից, որոնք մեզ կապում են խավարում։

Հիսուս Քրիստոսն ամենիմաստունն է, ամենայն իմաստությունը և ամենագետը։ Նա՛ է  աստվածային արդարության աղբյուրն ու հիմքը։

Ո՞վ է այս Թագավորը։ Ո՞վ է այս Անձնավորությունը, ով միաժամանակ ամենուր է՝ անցյալում, ներկայում և ապագայում: Ո՞վ է Նա, որի աչքը տեսնում է յուրաքանչյուր սրտի և հոգու գործողություններն ու մտադրությունները։

Ա Հովհաննես 1.5-ում ասվում է. «Աստված լույս է, և ոչ մի խավար չկա Նրանում»։  Նա ավելի՛ն է, քան զուտ լույսը։ Նա հենց Ի՛նքն է ԼՈՒՅՍԸ, ասել է թե, Նա՛ է ամենայնի Ակունքն ու Սկիզբը։ Տերն Ինքը Լույս-Էությունն է… Աստվածայինը, Մեկն ու Միակը, ով գերազանցում է լույսի արագությանը, ով սկիզբ է դնում և գերազանցող է հարաբերականության տեսությանը, ով կարող է միաժամանակ լինել ամենուր՝ առանց որևէ ջանք թափելու։

Տերն Ի՛նքը կարող է անել ամեն ինչ, այն ամենը, ինչ մենք կարող ենք անել արդարության մեջ։ Տերը կարող է անել այն ամենը, ինչը մենք չենք կարող անել։ Նա ամեն ինչում սուրբ է և բարի, և ապրում է հավիտյան։ Տերն այնքան մեծ ու հզոր է, որ կարող է հավիտենության մի փոքրիկ կետ պահել Իր ձեռքում, «գցել» այն Իր աչքի մեջ և երբեք չթարթել։

Նա Աստված է, որ մեզ համար տվեց Իր Որդուն՝ Հիսուսին, Աստծու Քրիստոսին, հավիտենական Փրկչին, Գառանը, ով Աստծու ողջ բարկությունն Իր վրա վերցրեց մեր փոխարեն։

Աստված Սուրբ Երրորդություն է՝ Աստված Հայրը, Աստված Որդին, Աստված Սուրբ Հոգին, և այս երեքը մեկ են։ Նա՛ է Միակ Թագավորը և Հավերժական Տերը, որ ամեն ինչ դրել է Իր ոտքերի տակ, և Աստված, որ ստեղծել է ամեն բան, ինչպես որ գրված է օրինակ Սաղմոս 8-ում։

Մատթեոսի Ավետարանում Հիսուս Քրիստոս Թագավորն է, խոստացված Փրկիչը։ Մարկոսի Ավետարանում Նա  Ծառան է և զորավոր Փրկիչը։ Ղուկասի Ավետարանում Նա կատարյալ Փրկիչն է, Մարդու Որդին։ Իսկ Հովհաննեսի Ավետարանում Նա անձնական Փրկիչ է և Աստծու Որդին։

Պողոս առաքյալը Հիսուսի մասին հռչակում է. «Որովհետև Նրանի՛ց և Նրանով ու դեպի Նա՛ է ամեն բան. Նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն» (Հռոմեացիներին 11.36

-Ո՞վ է այս Թագավորը,- կհարցնի նաև աշխարհը։

Աստվա՛ծ Սեր է։ Ոչ թե ուղղակի «ինչ-որ մի սեր», այլ Սեր, ով ամեն բանի դիմանում է. ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է (տե՛ս Ա Կորնթացիներին 13.7)։

Աստված Ի՛նքն է փաստում Իր մասին, Նա է Ի՛նքն Իրեն հայտնողը։ Աստված Ի՛նքն է ներշնչողը, Ինքնագոյը, Ինքն Իրեն բացահայտողը։ Նա հավիտենական է և հավերժական, Նա անսահման Միակն է։

Աստված միակ Անձնավորությունն է, որ հենց Ի՛նքը ամենից շատ գիտի Իր մասին, ամբողջովին ինքնավստահ և ամբողջովին բարոյական Մեկն է։ Աստված այն Մեկն է, ով ամեն ինչի գոյության պատճառն է, որովհետև Նա միշտ գոյություն ունի և Ինքն Իրեն անվանում է «ԵՍ ԵՄ»։

Թե ով է Աստված, Նրա այդ ինքնության «ցանկը» շատ հաճախ սահմանափակվում է միայն մեր պատկերացումներով, քանի որ մենք ինքներս ենք փորձում Զորաց Տիրոջ  ինքնության պատկերացումը տալ։  Այն Զորաց Տիրոջ, ով սիրում է մեզ, ով մահացավ մեզ համար և ով ապրում է հավիտյան, որպեսզի մենք՝ Նրան հավատացողներս, ավելի լիառատ կյանք ունենանք…

Նա մեր Աստվածն է, Զարմանահրաշ մի Աստված, ով անսահմանն է և քայլում է անսահմանության ուղիներով։ Աստված, ով Ի՛նքն է հենց կանգնած «ճակատագրի» հորիզոնում և մեզ համար էլ տեղ է ստեղծում հավիտենության մեջ։

Հիսուս Քրիստոսի արյունով Նա վերացրեց Իր և մարդկության մեջ եղող անդունդը՝ «կամուրջ գցելով» սահմանափակի և անսահմանության միջև։ Աստված Երկնային Թագավորն է, այն Միակը և Մեկը, ով թեև գոյություն ունի այս աշխարհից և ողջ երկնային տարածություններից դուրս։ Բայց Նա միաժամանակ ներկա է ամբողջ տիեզերքում՝ որպես Տեր, Երկնային Զորապետ և Արքա։

Իսկ դուք ի՞նչ եք ասում, ո՞վ է Նա։  Արդյո՞ք գիտեք Նրա մասին։ Կամ թե ճանաչո՞ւմ եք Նրան։ Իսկ գուցե Նա ձեր մտքով այդքա՞ն էլ չի անցնում, թե՞ Նա այն  Հիսուսն է, որը միշտ ձեր մտքում է՝ ամեն պահ, ամեն ժամ, ամեն օր, նույնիսկ, երբ դուք քնած եք։

Ո՞վ է Հիսուս Քրիստոս ձեզ համար, ի՞նչ կասեք։

Ո՞վ է այս Թագավորը։ Ի՞նչ կասեք։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 10.05.2025)

Leave a Reply