Ղուկաս Ավետարանի 10.25-35 հատվածում հետաքրքիր մի առակ-պատմություն կա։ Պատմությունն այն մասին է նաև, թե ինչպես ենք մենք վերաբերվում այլ մարդկանց և թե ինչպես ենք արձագանքում նրանց կարիքներին։ Սուրբգրային այս պատմության մեջ կան 8 կերպարներ՝ Հիսուս, ով պատմում է պատմությունը, օրենսգետը, Երիքով իջնող մարդը, ավազակները, ղևտացին, քահանան, սամարացին և իջևանատերը։
Սրանցից ո՞ր մեկն ես դու։ Աստված որպես ո՞ւմ է քեզ տեսնում։ Խնդրում եմ, խորհի՛ր այս երկու հարցի շուրջը։ Այդ հարցերն իրոք կարևոր են և անհրաժեշտ է, որ պատասխանես դրանց։
Սուրբգրային այս պատմությունն սկսվում է, երբ Օրենքի մի ուսուցիչ-գիտակ՝ օրենսգետ Հիսուսին հարց է տալիս. «Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Ղուկաս 10.25)։ Հիսուս օրենսգետի այդ հարցին հարցով է պատասխանում՝ ասելով, թե այդ մարդը, լինելով Օրենքի գիտակ, ինչպե՞ս է ընթերցում Օրենքը (Ղուկաս 10.26)։ Ուշադրություն դարձնենք, որ Հիսուս օրենսգետին ասում է, ոչ թե «ի՞նչ է նա կարդում», այլ՝ «ինչպե՞ս է նա կարդում», մեկ այլ խոսքով, «ինչպե՞ս է նա տեսնում այն»։ Օրենսգետը տվեց մի գեղեցիկ պատասխան, բայց նրա սիրտն ուղիղ չէր (տե՛ս Ղուկաս 10.29)։
Բարեկամնե՛ր, մենք կարող ենք ճիշտ բաներ անել, բայց սխալ դրդապատճառներով։ Եվ այս դեպքում օրենսգետն ավելի շատ ուզում էր ինքն իրեն արդար ցույց տալ և ոչ թե որ իրականում հետաքրքրված էր արդար պատասխան տալու։ Եվ այս պատճառով, Հիսուս պատմում է մի առակ-պատմություն, որի մեջ 6 կերպարներ կան։ Այդ կերպարներից ամեն մեկն ուներ տարբեր մոտեցում՝ այլ մարդկանց կարիքներին արձագանքելու առումով։ Անդրադառնանք նրանցից ամեն մեկին։
Կիսամեռ, վերքերով պատված մարդը. մեկն էր, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով։ Նա էր այս պատմության մեջ «զոհը»։ Նրա տեղը կարող ենք պատկերացնել ամեն մեկիս՝ մեզանից ցանկացած մեկը կարող էր հայտնվել նման իրավիճակում։
Ավազակները. նրանք այդ մարդուն տեսնում էին որպես մեկի, ում պետք էր շահագործել, ծեծել, բռնի կերպով կողոպտել։ Այդ պատճառով էլ նրան մերկացրին, վիրավորեցին, կիսամեռ թողեցին ու գնացին։
Ղևտացին ու քահանան. նրանք այդ ծեծված ու կողոպտված մարդուն տեսնում էին որպես մեկի, ով լիքը խնդիրներ ուներ։ Նրանք կարծում էին, որ այդ պատճառով էր նա հայտնվել նման վիճակում։
Սամարացին. նա այդ ծեծված ու կողոպտված մարդուն տեսնում էր որպես մեկի, ով ողորմության, գթասրտության և խնամքի կարիք ուներ։ Նա կարծում էր, որ այդ մարդուն օգնել էր պետք։
Իջևանատերը. նա տեսավ սամարացուն և այդ ծեծված ու կողոպտված մարդուն տեսնում էր որպես մեկի, ում կարելի էր ծառայություն մատուցել՝ գումարի դիմաց։ Այո, իջևանատերն օգնեց, բայց նա օգնելու էր այնքան, որքան ժամանակ որ սամարացին կվճարեր իրեն։ Հակառակ դեպքում, եթե չկար փող, չէր լինի և օգնություն։
Ավետարանի այս հատվածում տեսնում ենք, որ օրենսգետն ու Հիսուսն էին այդտեղ։ Եվ երբ որ Հիսուս օրենսգետին հարցրեց, թե այդ պատմության մեջ, ով էր, որ բարին գործեց, օրենսգետն իրեն թույլ չտվեց պատասխանել, որ սամարացին էր։ Հիշենք, թե օրենսգետն սկզբում ինչ պատասխան էր տվել Հիսուսի հարցին (տե՛ս Ղուկաս 10.27), ըստ որի Աստծուն ու մերձավորին սիրելն էր էականը։ Եվ օրենսգետը հենց այդ սիրո պակասն ուներ։ Օրենսգետը, որպես Օրենքի գիտակ, կարող էր Օրենքից տարբեր մեջբերումներ անել, քանզի նա ջանքեր էր գործադրել Օրենքն ուսումնասիրելու։ Բայց նրա ուսումն իրեն ոչ մի օգուտ էլ չտվեց, այն Աստծու համար ոչինչ էր, քանզի նա չէր կիրառում ամենահիմնական սկզբունքները, հատկապես սերը։
Այս պատմության մեջ եղող յուրաքանչյուր կերպար ուրիշների կարիքներին արձագանքելու տարբեր մոտեցում ուներ։ Մեզանից ոմանք ևս երբեմն «զոհեր» են դառնում։ Հիմա թե սխալ կերպով ենք հայտնում այդ վիճակում, թե ճիշտ, միևնույն է, մենք «զոհեր» ենք։
Մենք շատ անգամ պնդում ենք, որ հավատացյալ ենք, բայց միաժամանակ կարող ենք այնքան խորը նախապաշարումներ ունենալ, որ ատենք որոշ մարդկանց և նույնիսկ չենք կարողանում տեսնել ամենապարզ բաները։
Մեզանից ոմանք, երբեմն մյուսներին տեսնում են որպես մարդկանց, որոնց կարելի է շահագործել և ինչ-որ բան ստանալ նրանցից։
Մեզանից ոմանք էլ ծայրահեղ կարիքների մեջ եղող մարդկանց համարում են ոչնչի նմանվող մարդիկ, ինչպես նաև կարիքավորներ և խնդիրներ ունեցողներ, որոնցից պետք է հնարավորինս հեռու մնալ։ Ոմանք էլ նույնիսկ անհանգստանում են, որ նման մարդկանց մեղ եղող «չարը, վատը, դիվականը» (կամ նրանց վատ սովորությունները, «հոգևոր գարշահոտությունը») կարող է մեզ վրա ազդեցություն թողնել։ Եվ շատ են զգուշանում, որպեսզի չառնչվեն, նրանց հետ, «չդիպչեն»։ Սակայն մեծ բարեպաշտությամբ կարող են զուտ ասել. «Ես կաղոթեմ ձեզ համար։ Տաքացե՛ք, կշտացե՛ք ու անհո՛գ եղեք»։
Շատերն էլ պատրաստ են ծառայել ուրիշներին նրանց կարիքի մեջ, բայց միայն այն դեպքում, եթե դրա մեջ իրենց համար ինչ-որ շահավետ բան կա։
Կամ էլ գուցե հուսահատության մեջ գտնվող մարդուն տեսնում ենք որպես մեկի, ում համար պետք է հոգ տանել և ողորմած ու գթասիրտ գտնվել։
Եվ այս ամենից զատ, գուցե մեզանից ոմանք էլ, Հիսուսի պես, կարիքավոր, խոցելի մարդկանց բազմությանը տեսնում են, որպես այնպիսիների, որոնց համար արժե մեռնել։
Իսկ դու, որպես ո՞ւմ ես տեսնում քեզ։ Ոչ թե այնպես, ինչպես որ ուրիշներն են քեզ տեսնում, այլ հենց դո՛ւ, քեզ ինչպե՞ս ես տեսնում։ Երբ հայելու մեջ նայում ես քո աչքերի մեջ, ո՞ւմ ես տեսնում։
Ո՞ւմ ես նման դու։ Օրենսգետի՞ն, վերքերով պատված մարդո՞ւն, ավազակի՞ն, կարիքավորներին հրամաններ տվող մի կրոնավորի՞, սամարացո՞ւն, թե՞ իջևանատիրոջը։ Իսկ գուցե՞ Հիսուսի նման ես ուզում լինել։
Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում ուրիշների կարիքներին։ Վերջերս մի մարդ հարցրեց. «Ինչո՞ւ քրիստոնյաներն անվճար չեն անում այն, ինչ անում են փողի դիմաց»։ Մենք հաճախ օգնում ենք այն դեպքերում, եթե ինչ-որ մեկը մեզ փող կամ նվեր է տալիս։ Շատ դեպքերում էլ անում ենք այն, ինչը մեզ փողի դիմաց ասում է անել բռնարար գործատերը, մինչդեռ մենք արհամարհում ենք եկեղեցու այն առաջնորդներին, ովքեր մեզ լավ են վերաբերվում և մեզանից միայն օգնություն են խնդրում։ Օրինակ, մեզանից ոմանք կմաքրեն հատակը փողի համար, բայց եթե ինչ-որ մեկը մեզ խնդրում է մաքրություն անել եկեղեցում, հանկարծ մեր վերաբերմունքը փոխվում է և մտածում ենք. «Նրանք իրենց ո՞ւմ տեղն են դրել, որ ինձ ինչ-որ բան են ասում»։ Այ քեզ բա՜ն։ Տեսա՞ք դժվարին կացության մեջ հայտնվելն ինչ է։
Մենք, ովքեր հավատում են, որ Քրիստոս խաչվեց և հարություն առավ մեռելներից, քրիստոնյաներ ենք, իսկ քրիստոնյաները պետք է բարի լինեն միմյանց հանդեպ (տե՛ս Եփեսացիներին 4.32)։ Մենք պետք է Աստծո խոսքի համեմատ վարվենք և գործենք՝ բարի լինելու նրանց հանդեպ, ովքեր մեզ հետ անարդար են վարվում, (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիներ 5.15), ընտրեք բարի լինել, այլ ոչ թե վիճել (տե՛ս Բ Տիմոթեոսին 2.24)։ Բարի լինելը նաև ջանք է պահանջում (տե՛ս Բ Պետրոս 1.5–7):
Եկե՛ք նաև լինենք գթասիրտ ու ողորմած: Աստված պահանջում է, որ մենք գթասրտություն և ողորմություն ցուցաբերենք (տե՛ս Միքիա 6.8), որ լինենք մարդիկ, ովքեր ողորմություն են ցուցաբերում ուրիշների նկատմամբ, և վարձք կունենանք (տե՛ս Մատթեոս 5.7)։ Մենք պետք է ընդօրինակենք Աստծու ողորմածությունը (տե՛ս Ղուկաս 6.36) և ամենից առաջ նկատի ունենանք, որ Հիսուսը գթած ու ողորմած է (տե՛ս Ա Տիմոթեոս 1.2): Պետք չէ, որ դուք ինձ դրա մասին ասեք, այլ կատարեք դա:
Հարցն այստեղ այն չէ, որ պետք է պահել ինչ-որ կանոններ, այլ այն, որ պետք է լինել ինչ որ մեկը։ Եղի՛ր այդ մեկը։
Եկե՛ք ազնիվ ու անկեղծ լինենք ինքներս մեզ հեռ և Տիրոջ հետ։ Ոչ թե ինքներս մեզ պատմենք մի հեքիաթ այն մասին, թե ոքան լավ են մենք երևում ինքներս մեզ համար, այլ ազնիվ ու անկեղծ լինենք Տիրոջ առաջ։
Խորհի՛ր մի պահ սուրբգրային այս առակ-պատմության մասին։ Այդ կերպարներից ո՞ր մեկն ես դու։ Իսկ եթե գիտես արդեն, ի՞նչ ես անելու․․․
(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 01.06.2025)