029 Լինենք իսկական

Լինենք այնպիսին, ինչպիսին կանք՝ իսկական, վստահելի, անկեղծ և ճիշտ։

«Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը» (Տիտոսին 2.1)։

Սուրբ Գրքի անգլերեն տարբերակներից մեկում այս հատվածն այսպիսի միտք ունի. «Բայց դու սովորեցրու այն, ինչ պատշաճ է և վայել՝ ողջամիտ վարդապետությամբ, ունենալով այն վարքը և ճիշտ ապրելակերպը, որը բնորոշում է ճշմարիտ հավատացյալներին»։

Պողոս առաքյալը հանձնարարեց Տիտոսին ուսուցանել բարի, ողջամիտ վարդապետությունը և մարդկանց սովորեցնել ճիշտ ապրել՝ համաձայն Աստծու Խոսքի, որպեսզի այդ կերպով տարբերվեին Աստծուն չճանաչող մարդկանցից՝ որպես Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներ։

Այսօրվա եկեղեցու ամենամեծ կարիքներից մեկն արժանահավատությունն է՝ վստահություն ներշնչելու ունակությունը։ Մենք, որպես հավատացյալներ, աշխարհում ավելի հաճախ հայտնի ենք նրանով, թե ինչին ենք դեմ, և ոչ թե՝ ինչի կողմնակից ենք։

Հիշում եմ մի անգամ գնացել էի քաղաքի կենտրոն և փորձեցի մի փոքրիկ հարցում անցկացնել երիտասարդների մեջ։ Հավատացեք ես շոկ ապրեցի նրանց արձագանքից։ Պարզվեց, որ նրանցից շատերն այսօրվա եկեղեցին ընկալում էին որպես խաբեբա, զրպարտող, ստախոս, մանիպուլյատոր, շնացող և լիքը նման այլ ապրելակերբ ունեցող մարդկանց մի հավաքածու։ Այո՛, այո՛, նրանք հենց այսպիսի բառերով բնութագրեցին եկեղեցու հավատացյալներին։ Իսկապես որ այնքան ցավալի է։

Արդյո՞ք մենք ապրում ենք՝ զուտ կատարելով ինչ որ «հոգևոր» կրոնական «օրենքներ», թե՞ իսկապես ապրում ենք «երկրի վրա, ինչպես որ երկնքում է»։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրի ապրել այնպիսի մի ապրելակերպով, որը արտացոլում է Հիսուս Քրիստոսի բնավորությունն ու կենսակերպը։

Մենք պետք է ուշադիր լինենք մեր ապրելակերպին։ Երբ օրինակ, մենք մեր մեքենայի ինչ որ հատվածի վրա կպցնում ենք քրիստոնեական նշաններով կամ գրվածքներով պիտակներ, կրում ենք խաչով զարդեր կամ սուրբգրային համարներով շապիկներ, կարող ենք վստահ լինել, որ մարդիկ ուշադիր են այս ամենին։ Նրանք հետևում են մեր ապրելակերպին… նրանք փորձում են մեր մեջ փնտրել իսկական մի բան։

Մենք պե՛տք է մեր ապրած կյանքով լինենք Աստծու ժողովուրդ և ոչ թե պարզապես նման լինենք Աստծու ժողովրդին։ Մենք պե՛տք է արտացոլենք Հիսուս Քրիստոսին և լինենք այն մարդիկ, որոնց կարիքն աշխարհն այդքան շատ ունի և ցանկանում է տեսնել, որ իրոք մենք Աստծու հաճելի կյանքով ապրող մարդիկ ենք։

Եկե՛ք ապրենք այնպիսի մի կյանքով, որը «գեղեցիկ» կդարձնի հավատքի վարդապետությունը։ Ոչ թե ապրենք «կաննոներ պահպանելու» համար, այլ լինենք այնպիսի մարդիկ, ինչպիսին որ Աստված է ուզում, որ լինենք։ Գուցե մենք պետք է խորությամբ ուսումնասիրենք Աստծու Խոսքը՝ իմանալու համար, թե ինչպիսին է Աստված և ինչ է կամենում մեր կյանքում տեսնել։ Ապա դրանից հետո ուրվագծենք մեր կյանքում փոփոխություններ կատարելու մի այնպիսի ուղի, որը կարտացոլի Աստծու այդ ճառագող բարությունը։

Նախքան որ ուրիշները կսկսեն հավատալ հավատքի վերաբերյալ մեր պնդումներին և կսկսեն մեզ լուրջ ընդունել, պիտի գիտակցենք, որ մեզանից ժամանակ կպահանջվի՝ իսկական և «թափանցիկ» լինելու համար։ Ճիշտ և բավարար չէ, երբ հավատացյալները շրջում են այս ու այն կողմ՝ Աստվածաշնչից մեջբերումներ անելով զուտ, ինչպես նաև գովազդելով իրենց հավատքը։ Մեզ շրջապատող մարդիկ  ցանկանում են մեր կյանքում տեսնել այնպիսի «պտուղներ»  և արդյունքներ, որոնք համապատասխանում են հավատքի առումով մեր պնդումներին։

Սուրբ Գրքում մի գեղեցիկ պատկեր է տրված Տիտոս 2.1-ում։ Իհարկե մի քանի տեսանկյուններից կարելի է նայել այս հատվածին։ Բայց օրինակ ես այսպիսի մի պատկեր եմ տեսնում՝ այն կարծես Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր հավատացյալի պարանոցից կախված դափնեպսակի պատկերն է։ Այդ դափնեպսակը կարող է խորհրդանշել շատ բաներ, բայց այս քննարկման համար եկեք այն անվանենք առողջ ուսմունք՝ ողջամիտ վարդապետություն։

Դափնեպասակը կարող է լինել զուտ մի պսակ կամ թագ։ Բայց այն նաև կարող է լինել գեղեցիկ մի զարդարանք՝ պատուհանի շուրջը, որտեղից բացվում է տեսարան։ Յուրաքանչյուր հավատացյալ նման է պատուհանի, որտեղից բացվում է «տեսարան», և հոգևոր պտուղները, սրբությունը և աստվածապաշտությունը, զարդարում են այդ պատուհանը՝ ինչպես շնորհքի մի ծաղկեպսակ։ Այդ դափնեպսակը յուրաքանչյուր հավատացյալի համար է նախատեսված։

Հոգևոր կյանքը նման է նաև խաղի և այդ խաղում չկան կողմնակի նստարաններ անգործունակ խաղացողների համար։ Բոլորս խաղադաշտում ենք, նույնիսկ եթե դու կարծում ես, որ այդպիսին չես, փորձի՛ր լսել Տիրոջը… դու այդպիսին ես։ Իսկ ինչպիսի՞ն է քո դափնեպսակը։

Ի՞նչ օգուտ ունի, երբ օրինակ ավտոմեքենայիդ վրա փակցրած լինես «Հիսուսը սիրում է քեզ» պիտակը, բայց ճանապարհին արագությունը չարաշահես ու խախտումներ անես։ Կամ գործընկերներիդ ներկայությամբ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերես։ Կամ նույնիսկ, երբ մարդկանցից թաքուն վատ արարքներ և Աստծուն անհաճո ապրելակերպ ունենաս։

Մեր վերաբերմունքը «վարակիչ» է, ուստի ինձ թվում է, արժե, որ ինքներս մեզ մի քանի լավ հարցեր տանք։ Օրինակ այսպիսի հարցեր. ի՞նչ են մարդիկ սովորում կամ ստանում մեզանից և ո՞ւմ կյանքն ենք արտացոլում, երբ դրսևորում ենք նման վերաբերմունք։

Աստվածաշունչը մեր հիմնական և հիմնարար հիմքն է՝ մեր վարքագծի, բնավորության և խոսելակերպի առումով։ Ա Տիմոթեոսին 3.15-ն ասում է.  «Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու Եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության»։

Ինչպիսին որ մենք լինում ենք տան մեջ, այնպիսին էլ պիտի լինենք տանից դուրս։ Եվ թող մեր խիղճն ու բնավորությունը «համաձայնության մեջ» լինեն մեկը մյուսի հետ՝ որպես մեկ ամբողջություն։

Աստծու սիրո կոպիտ թյուրըմբռնում է, երբ մենք «կիրակի օրը գնում ենք դրախտ», իսկ շաբաթվա մնացած օրերին «ապրում ենք դժոխքի պես»։ Քո կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ, եթե դու լինեիր այնպիսի մի մարդ, ով սուրբ և աստվածավախ է իր վարքագծով։

Պատկերացնո՞ւմ ես օրինակ քեզ՝ փայլուն հագուսներով քայլելիս, կրեիր երկար զգեստներ, վարվեիր բարեպաշտորեն և միշտ վեր նայելով։ Կամ էլ գուցե պարզապես լինեիր սովորական մի մարդ, ով պարզապես ազնիվ է և իսկական։ Ո՞ր մեկը կուզեիր։

«Սրբություն» բառի համար օգտագործվող եբրայերեն բառը ունի նաև «առանձնացված» կամ «հատուկ նպատակի համար նախատեսված լինել» իմաստները։ Եկե՛ք չաղավաղենք այն, ինչ Աստված է նախագծում։

Մեզ բոլորիս ես խրախուսում եմ վերանայել մեր կյանքը և համոզված լինել, որ մեր ապրելակերպը, որքան հնարավոր է, ներկայացնում է Տիրոջը և այն, ինչին մենք ասում ենք, որ հավատում ենք։

Եկե՛ք լինենք իսկական։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan.

Leave a Reply