032 Լսելը 

Մի քանի անգամ ականատես լինելով, թե ինչպես են երկու հոգի փորձում լուծել միմյանց հետ ունեցած կոնֆլիկտները, ես նկատել եմ մի կարևոր բան, որն ի դեպ հաճախակի եմ նկատել. երկուսն էլ զարմանալիորեն, ակնհայտ կերպով միմյանց լսելու պակասություն են ցուցաբերել։

Եվ միմյանց լսելու կարևոր այդ ունակությունը իրականում բոլորիս էլ անհրաժեշտ է։ Մենք, երբեմն կարծես այնքան ենք տարված ինքներս մեզնով, թե ինչ ենք ասելու և անելու, որ չենք կարողանում լսել դիմացինին։ Իրականում, հաճելի է, երբ հազվադեպ ենք հանդիպում մեկին, ով ոչ միայն լսում է մեզ, այլև կարող է ամփոփել մեր ասածը։ Գիտեք, շատ դժվար է լսել մեր դիմացինին, երբ մենք ենք միշտ  փորձում խոսել՝ միայն մերասածն ասելով։

Սուրբ Գրքում Աստված մոտավորապես 61 անգամ կոչ է անում մեզ լսել, ամբողջ էությամբ և համակ ուշադրությամբ լսել։ Ես կասեի, որ Տերը ցանկանում է, որ մենք հասկանանք լսելու արժեքը։

Ես հավատում եմ, որ աշխարհում համընդհանուր անհանգստության մակարդակի մի մասը, որը, իմ կարծիքով, շատ, շատ բարձր է, այն է, որ մարդկանց մեծ մասն իրեն լսված չի զգում, այլ խոսքերով ասած՝ միմյանց լսելու պակասություն կա։ Մարդիկ կարիք ունեն, որ իրենց լսեն։ Շատ անգամ մենք մեզ զգում ենք շատ փոքր, աննկատելի, «հաշմանդամ» դարձած և ավելորդ, տառապում ենք լքված ու մերժված լինելու ընդհանուր զգացումից։

Ես իսկապես հավատում եմ, որ մեր անհանգստության մեծ մասը կարող է իրականում նվազել, եթե մեզանից շատերը պարզապես որոշակի ջանքեր գործադրեն դիմացինին լսել սովորելու համար։ Մինչդեռ շատ հաճախ, կոնֆլիկտների մեջտեղում մենք ունենում ենք այսպիսի վերաբերմունք, մտածելով. «Ո՞վ կուզենա լսել սրանց, հատկապես, երբ նրանք այդքան սխալվում են»։ Ու սիրում ենք ամեն ինչ ասել «մեծատառերով», ընդգծված «կետադրական նշաններով» և մի փոքր չափազանց բարձր ու շեշտադրող կերպով։

Գուցե օգտակար լիներ, եթե մենք ավելի լավ հասկանայինք, թե ինչ է նշանակում լսել, թե ինչ է նշանակում «ականջը լայնացնել, խելացիորեն լսել, ականջները սրել և ուշադրություն դարձնել»։ Մենք պետք է գիտակցենք, որ լսելն ավելին է, քան պարզապես բառերն ընկալելը, այլևայլ ջանքեր գործադրելը՝ հասկանալու դիմացինին ու նրա ասածը։ Մի՛ լսեք ուղղակի միայն բառերը, այլ փորձե՛ք լսել ասված խոսքերի բուն էությունը։

Այս պահին ես մտածեցի անդրադառնալ չորս հիմնական կետերի, այն մասին, թե ինչպես և որտեղից սկսել լավ լսող դառնալը։

  1. Փորձե՛ք լսել ակտիվ կերպով։ Ուշադրությո՛ւն դարձրեք։ Եղեք «տեղում»։ Մի եղեք դիակի նման։ Ոչ ոք չի ուզում խոսել դիակի հետ, այնպես որ սովորեք անել այս երեք բաները՝ վերաձևակերպում, պարզաբանում և արձագանք։ Սրանք իսկապես կարևոր են, այնպես որ լսեք ասվածը կրկին՝ վերաձևակերպելով, պարզաբանելով և արձագանքելով։ Վերաձևակերպումն օգնում է մեզ ճիշտ հասկանալ լսածը։ Պարզաբանելը նշանակում է այնպիսի հարցեր տալ, մինչև լիովին չհասկանանք, թե ինչ նկատի ունի դիմացինը։ Արձագանքել նշանակում է մեր սեփական մտքերն ու զգացմունքները կիսել առանց բացասաբար քննադատելու… Եվ այստեղ ուզում եմ շեշտել, որ շատ սխալ է վերջում էլ ասել «դու այնքան հիմար ես» և դեռ հույս ունենալ դրական արդյունքի։ Այո, գիտեմ, գուցե ճիշտ է, որ դիմացինը հիմար բաներ է արել կամ ասում, բայց ուղղակի անհրաժեշտ չէ այդպես ասելը։ Այսինքն, եթե դուք իսկապես ուզում եք լուծել կոնֆլիկտները, ապա նախ և առաջ պետք է քննեք նաև ձեր սրտերը։
  2. Փորձե՛ք լսել կարեկցանքով, սրտացավորեն: Փորձե՛ք պատկերացնել ձեզ դիմացինի տեղում, վիճակում… Կարևոր է, որ հասկանաք ձեր դիմացինի խնդիրը՝ առանց նրան խորացնելու իր խնդիրների մեջ: Հասկացա՞ք սա: Դուք ևս չպետք է փորձեք խորանալ նրանց խնդիրների մեջ, փորփրել հետաքրքրքասիրությունից ելնելով։ Ձեզ կարող է նույնիսկ դուր չգալ ասվածը, բայց հաճախ, լսելիս, փորձե՛ք հասկանալ, թե ինչ կանեիք, եթե դուք էլ նրանց տեղում լինեիք։ Եվ վստահաբար, եթե ձեզ դնեք նրանց տեղում, ապա դուք նույնպես կարող էիք նույնը զգալ: Հռոմեացիներին ուղղված նամակի 12.15-ում ասվում է. «Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք»: Հիշե՛ք, որ սա չի նշանակում, որ մենք համաձայնվում ենք ամեն ինչի հետ, այլ որ մենք դրանով կարեկից ենք լինում մարդուն ու սրատացավորեն ենք արձագանքում։ Հիշենք նաև, որ մեր Տեր Աստված լսում, կարեկցում օգնում է մեզ՝ մեր ամեն իրավիճակներում, բայց դա չի նշանակում, որ Նա մեր ամեն արածի, իրավիճակի, ասած խոսքերի ու ապրած կյանքի հետ համաձայն է։
  3. Փորձե՛ք լսելիս բաց լինել: Կիսատ-պռատ լսելը, պաշտպանողական կերպով լսելը և «ֆիլտրացված» լսելը բաց լսել չէ: Լսե՛ք այնպես, կարծես դուք մարդաբան եք, իսկ անձը՝ այլ մոլորակից. պատկերացրեք, որ նրանց սովորույթները, համոզմունքներն ու մտածելակերպը տարբերվում են ձերից, և դուք փորձում եք հասկանալ նրանց: Կրկին ասեմ, որ մենք ոչ մի դեպքում պարտավոր չենք համաձայնվել մարդկանց տեսակետների հետ, բայց մենք, անշուշտ, կարող ենք լսել նրանց խնդիրների, իրավիճակների, ապրելակերպի մասին՝ առանց խրախուսելու նրանց սխալ ընթացքը:
  4. Փորձե՛ք լսել ամբողջական պատկերը հասկանալու համար։ Արդյո՞ք նրանց ասածը համապատասխանում է փաստերին։ Այսինքն, մենք՝ որպես լսողներ, պետք է մեր «տնային աշխատանքը» կատարած լինենք՝ գոնե փաստերի մասին պատկերացում կազմելու և մտածելու համար… միայն այն պատճառով, որ դուք ունեք փաստեր, արդյո՞ք դա ճշմարտությունն է։ Փաստերը միշտ չէ, որ ամբողջական պատկերն են արտացոլում։ Եթե դուք ակտիվ կերպով, կարեկցանքով ու սրատացավորեն և բաց կերպով լսել եք, բայց դեռևս չեք հասկանում նրանց տեսակետները, ապա պարտավոր չեք այսպես ասած «հարձակվել» դիմացինի վրա։ Փորձե՛ք «հետապնդել» խնդիրը, այլ ոչ թե անձին։ Շատ կարևոր է գիտակցել, որ անձին ծաղրելը, նվաստացնելը և դիտավորյալ սադրելը երբեք չեն ​​լուծում կոնֆլիկտները, այլ ավելի են խորացնում դրանք… այդ գործողությունները ոչինչ չեն բերում, դրանք պարզապես այնպիսի տպավորություն են ստեղծում ձեր մասին, որ կարծես դուք միայն ուզում եք ինքներդ հաղթել և ձեզ չի էլ հետաքրքրում, թե որն էր ճշմարտությունը։ Պարզապես հանգիստ շունչ քաշեք, հանգստացեք, սպասեք և հավաքեք ավելի շատ տեղեկություններ։

Հաջողակ լսողը ավելի շատ անձին ներգրավող է լինում, այլ ոչ թե վրդովեցնող ու վանող։ Դիմացինին կտրուկ մերժելու փոխարեն, հնարավոր է հարցնեք. «Կարո՞ղ եք ինձ մի փոքր ավելին պատմել» կամ «Կարո՞ղ եք ինձ կոնկրետ օրինակ բերել»։ Կամ կարող եք ասել. «Շնորհակալություն, որ ինձ հայտնեցիք Ձեր տեսակետը։ Ես կմտածեմ այդ մասին»։ Կամ՝ «Հետաքրքիր է, ես դա այդ լույսի ներքո չէի դիտարկել»։

Աստված լսում է մեզ և ուշի ուշով, սրտացավորեն, կարեկցանքով, սիրով է լսում, և թույլ է տալիս, որ մենք «վարժեցնենք» մեր անձերը՝ Տիրոջ նման լինելու համար։ Լսելու արվեստը քրիստոսանման հմտություն է, որը մենք պետք է զարգացնենք։ Շատերն են լսում, բայց քչերն են իսկապես լսում, և դա հնարավոր է փոխել՝ Տիրոջ Սուրբ Հոգու օգնությամբ։

Աստված պահապան բոլորիդ։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan)

Leave a Reply