Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել, երբ խորտակվող նավի վրա ես՝ փոթորկի ժամանակ։ Ահա իմաստուն մի խորհուրդ. եթե չես կարող փոթորկից դուրս գալ Հիսուսի հետ, ապա եղի՛ր փոթորկի մեջ Հիսուսի հետ։
Ահա թե ինչ ենք կարդում Մարկոս 4.35-37 հատվածում. «Եվ այն օրը, երբ որ երեկո էր լինում, նրանց ասաց. “Եկե՛ք անցնենք այն կողմը”։ Եվ ժողովրդին թողեցին և Նրան իրենց հետ նավով առան, ինչպես նաև՝ մյուս նավակները, որ Նրա հետ էին։ Եվ քամու մեծ փոթորիկ էր լինում, և ալիքները թափվում էին նավի մեջ, մինչև որ համարյա արդեն լցվում էր»։
Վստահ եմ, որ աշակերտները ոգևորությամբ ուզում էին տեսնել, թե ինչ է պատահելու «այն՝ մյուս կողմում»։ Այն, ինչ հավանաբար նրանք չէին ակնկալում, կատաղի փոթորիկն էր։ Երբ նրանք արդեն հասել էին լճի մեջտեղը, անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ աշակերտները նույնքան ոգևորված էին «մյուս կողմից», որքան որ սկզբում էր։ Որքան նրանք մոտենում էին իրենց նպատակակետին, այնքան ավելի էին վատթարանում քամին և ալիքները։
Աստված հաճախ մեզ կանչում է, որպեսզի ճամփորդենք դեպի նոր նպատակակետ։ Եվ հետաքրքիրն այն է, որ Նա հազվադեպ է մեզ տալիս ամբողջական այդ «ճամփորդության» մանրամասն ծրագիրը։ Մենք հաճախ լքում ենք մեր ապահովության վայրերը և ուղևորվում ենք դեպի «մյուս կողմը»։ Մեզանից շատերը նույնիսկ չունեն պատկերացում այն մասին, թե ուր ենք գնում։
Մեզանից շատերը չեն վայելում մեր «ճամփորդության» ընթացքում գտնվող վայրերը։ Հաճախ հենց այդ «ճամփորդության» մեջտեղում ենք դեմ առ դեմ հանդիպում մեր փոթորիկներին, փորձության վայրերին, դժվարություններին ու մարտահրավերներին։
Մարկոս 4.37-ում Հիսուսի աշակերտներին հանդիպած փոթորիկը գարնանային մի սովորական քամի չէր, այն ավելի ահռելի փոթորիկ՝ հողմամրրիկ էր։ Շատ կարևոր է նաև իմանալ, որ Քրիստոսի աշակերտները ձկնորսներ էին, նրանք իրենց կյանքն անցկացրել էին ջրերի վրա և սովորական քամուց կամ փոթորկից տատանվող ու վախեցողներ չէին։ Բայց սա սովորական փոթորիկ չէր։ Քամին ուղղակի սուլում էր, ուժգնորեն փչում և ջուրը լցնում էր նավակի մեջ։ Զարմանալին այն է, որ այս փոթորկի ուժգնանալուն զուգընթաց, Հիսուս հանգիստ քնած էր նավի հետևի մասում (Մարկոս 4.38):
Դու երբևէ նման զգացողություն ունեցե՞լ ես, երբ քո կյանքում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ հայտվում ես սարսափելի հանգամանքների և մարտահրավերների մեջտեղում։ Երբ դու վստահ ես, որ քո նավակը խորտակվում է, և այդ իրավիճակում թվում է, թե Աստված քնած է։ Դու նույնիսկ սկսում ես աղաղակել Նրան, կանչել օգնության և նույնիսկ երբեմն ցանկանում ես կռիվ անել Նրա հետ՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար միևնո՞ւյն է, որ ես այստեղ կորչում եմ»։
Նման իրավիճակներում հավանաբար այնքան է եղել, որ դու ժամանակ ես անցկացրել Նրա հետ՝ փորձելով զգալ Նրա ներկայությունը։ Սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Հավանաբար դու շատ ես աղոթել, ծոմ ես պահել, ընկել ես գետնին՝ աղաղակելով և լաց լինելով՝ օգտագործելով անձեռոցիկների մի ամբողջ տուփ։ Սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Եվ նման իրավիճակներում դու միշտ պատասխան ես փնտրել, բայց անկախ նրանից, թե որքան ես պայքարել քամու և ալիքների դեմ, փոթորիկը շարունակվել է, և դու չես էլ իմացել, թե ինչ անել։ Ոմանք այս իրավիճակներն անվանում են «հոգու ամենամութ գիշեր»։
Այսպիսի պահերին, երբ թվում է, թե մեր նավակը խորտակվում է, և մենք արդեն հայտնվել ենք անելանելի իրավիճակների կենտրոնում, ուրեմն հավատքի դրսևորման ժամանակն է։ Երբեմն այս ամենն ասելը հեշտ է, բայց նման իրավիճակներում շատ կարևոր է խորապես խորհել, թե այդ պահին ի՞նչ տարբերակներ ունենք։ Հավատո՞ւմ և վստահո՞ւմ ենք, որ Քրիստոսն Ամենազոր Աստված է, թե՞ ոչ։ Եվ եթե Տերն ասի մեզ. «Գնա՛նք մյուս կողմը», մենք պետք է արդեն հավատք գործադրենք։ Աստված ակնկալում է, որ մենք հավատանք Իրեն, որ եթե Նա է ասել այսպես, ապա անպայման դա այդպես է, անպայման կկատարվի Իր Խոսքը։
Եթե դու ժամերդ անցկացնում ես լաց լինելով ու բարկանալով, ապա դրանից ոչինչ չի փոխվելու, քանի որ փոթորիկը նույնն է լինելու։ Եթե նստես ու ոչինչ չանես, ապա դրանից էլ ոչինչ չի փոխվելու, քանի որ փոթորիկը նույնն է լինելու։ Նույնիսկ եթե ապշեցնող բաներ դավանես՝ փողոցով վեր ու վար պտույտներ անելով, շատ հավանական է, որ դարձյալ ոչինչ չէր փոխվելու և փոթորիկը նույնը կլիներ։
Բարեկամներ, կեղծավորությունը ողջ մարդկության աքիլեսյան գարշապարն է և կեղծավոր մարդիկ հայտնի են նաև նրանով, որ չեն անում այն, ինչ ասում են։ Բայց Աստվա՛ծ, այո՛ Աստված, Նա՛ հենց միակն է, ով անում է այն ամենը, ինչ ասում է։ Նա՛ միակն է, ով պահում է Իր բոլոր խոստումները։ Եվ Նա՛ միակն է ողջ Տիեզերքում, ամենուր, ով կեղծավոր չէ։
Հիսուս իսկապես հանդարտեցրեց փոթորիկը, բայց նաև հանդիմանեց աշակերտներին՝ ասելով. «Ինչպե՞ս է, որ հավատք չունեք» (Մարկոս 4.40)։ Կարծում եք, Նա չգիտե՞ր այդ մասին, թե՞, ավելի հավանական է, որ հարցնում էր նրանց՝ հույս ունենալով, որ նրանք իրենք իրենց այդ նույն հարցը կտային։ Իհարկե Տերը գիտեր պատասխանը, բայց նրանք՝ ոչ։ Մեր ապագայի համար կենսական նշանակություն ունի հավատքի մեջ մեր աճելը։ Եվ հավատքի մեջ աճը տեղի չի ունենում այն պատճառով, որ մեզ մոտ միշտ ամեն ինչ լավ է լինում։
Մենք պետք է սովորենք հաղթահարել մեր վախերն ու անցնենք «մյուս կողմը»։ Հեշտ է վայելել մեր այն իրավիճակը, երբ մեզ հետ ամեն ինչ լավ է, բայց մենք պետք է սովորենք վայելել իրավիճակը նաև այնտեղ, որտեղ գտնվում ենք՝ «մյուս կողմն» անցնելու մեր ճանապարհին։ Եվ շատ կարևոր է վայելել իրավիճակները՝ ունենալով ուրախություն ու խաղաղություն՝ և՛ փոթորկներիի մեջ, և՛ նաև փոթորիկները հանդարտվելուց հետո։
Եթե չես կարող փոթորիկներից դուրս գալ Հիսուսի հետ, ապա եղի՛ր փոթորկի մեջ՝ Հիսուսի հետ և «թող նավը քշվի» (Գործք 27.15)։ Հենվի՛ր քամուն և վստահի՛ր Աստծուն: Հիսուս երբեք մեզ չի լքի՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ հետո: Եվ թող հավա՛տքը գործի:
Իսկ դու ի՞նչ ես մտածում․․․
(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 31.07.2025)