«ՄԻՇՏ» և «ԵՐԲԵՔ» բառերը ես անվանում եմ վերջնական արդյունք արտահայտող բառեր։ Շատ քիչ բաներ կան այս կյանքում, որոնք «միշտ» և «երբեք» են, բայց այնուամենայնիվ, Սուրբ Գրքում օգտագործվում են վերջնական արդյունք արտահայտող այս բառերը։
Եվ ես հավատում եմ, որ Տերը ցանկանում է, որ մենք ներգրավված լինենք Իր վերջնական մտադրությունների ու նպատակների մեջ, այդ պատճառով էլ Նա օգտագործում է վերջնական արդյունք արտահայտող բառեր, որպեսզի մենք վերջնականապես վստահենք Նրան և վերջնականապես հավատանք Նրան։ «Վերջնական» բառն ունի նաև «մինչև վերջ» իմաստը։
«ՄԻՇՏ» բառի իմաստը հիմնականում հետևյալն է՝ «ամեն ժամանակ», «բոլոր ժամանակներում»։ «ԵՐԲԵՔ» բառի իմաստը հիմնականում «ոչ մի ժամանակ»: Մեկ այլ վերջնական արդյունք արտահայտող բառ է «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ» բառը, որով նկատի ենք ունենում բոլորին՝ թե՛ անձերին, թե՛ առարկաներին, թե՛ ինչ-որ մասերի՝ առանց բացառության: Արդյո՞ք մենք լուրջ ենք վերաբերվում վերոնշված այս բառերին: Մենք կարող ենք ասել, որ այո։ Մենք կարդում ենք Սուրբ Գիրքը և երբեմն ոգևորությամբ համաձայնվում դրա մեջ գրվածների հետ։ Բայց հաճախ մեր ապրելակերպը հակասում է Աստծու Խոսքին։
Երբեմն ես ինքս ինձ հարցնում եմ, թե որքան հաճախ եմ ասում, որ Աստված միշտ իմ թիկունքում կանգնած է։ Մինչդեռ, երբ դժվարին իրավիճակներ են լինում, ես հաճախ հետ եմ կանգնում՝ մտածելով, թե տեսնես որտեղ է Տերն իմ կյանքում։
Երբ ես, որպես մարդ, օգտագործում եմ «միշտ», «յուրաքանչյուր» և «երբեք» բառերը, գուցե ես այդ բառերն իրենց իսկ իմաստով լիովին նկատի չեմ ունենում ու որպես մարդ արարած, միշտ չէ, որ պահում եմ խոսքս։ Բայց երբ Աստված է օգտագործում է այդ բառերը, Նա նկատի ունի հենց այն, ինչ ասում է։ Այլ խոսքով ասած, Աստված նկատի չունի միայն «մինչև տիեզերքի ծայրը». Նա նկատի ունի «անհետացման կետից» այն կողմ, ժամանակի «կանգառից» այն կողմ, հասկացողության սահմաններից այն կողմ։ Նշույլ անգամ չկա կասկածելու Նրա Խոսքին, քանզի, Տերն անպայման անում է այն, ինչ խոստացել է, Տերն Իր Խոսքը պահող Աստված է։
Մատթեոս Ավետարանի 28.20-ում Հիսուս ասաց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր», այլ խոսքով՝ «Ես ձեզ հետ եմ ՄԻՇՏ»։ Սա նշանակում է, որ մեզ՝ Իրեն հավատացողների համար, Նա ՄԻ՛ՇՏ մեզ հետ է և չկա մի պահ, մի ժամանակ, որ Նա երբեք մեզ հետ չլինի։
Ա Կորնթացիներին 2.14-ում Պողոս առաքյալն ասում է, որ Աստված միշտ առաջնորդում է մեզ հաղթող լինելու Քրիստոսում։ ՄԻ՛ՇՏ։ Ամեն ժամանակ։ Եվ չկա մի պահ, մի ժամանակ Քրիստոսում, որ Աստված չառաջնորդի մեզ հաղթանակի մեջ։ Ա Կորնթացիներին 13.8-ում ասվում է. «Սերը ԵՐԲԵ՛Ք չի վերջանա», (անգլերենում՝ «Սերը երբեք չի ձախողվում»): Այսինքն, ոչ մի ժամանակ, ԵՐԲԵ՛Ք աստվածային սերը չի ձախողվի։ ԵՐԲԵ՛Ք։ Եբրայեցիներին 13.5-ում ասվում է. «Չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի» (անգլերենում՝ «Ես ԵՐԲԵՔ չեմ լքի քեզ, ոչ էլ երեսից կգցեմ»)։ Ինչպիսի՜ խոստում։ Տերն ասում է. «Ես ԵՐԲԵ՛Ք չեմ լքի քեզ» և նաև « Ես ՄԻ՛ՇՏ կլինեմ քեզ հետ»։ Դարձյալ այս բառերը՝ ՄԻՇՏ և ԵՐԲԵՔ։ Արդյո՞ք մենք Աստծու ասածներին պետք է լուրջ վերաբերվենք։ Իհարկե՛։ Բայց արդյո՞ք մենք իսկապես լրջորեն ենք մոտենում Աստծու խոսքին։ Խորհենք մի պահ…
Ես կարծում եմ, որ մեզանից շատերն Աստծու հետ հաղորդակցության պակաս ունեն։ Վերջերս ես Աստծուն շատ եմ խնդրում, որ օգնի ինձ, որպեսզի ինչ-որ կերպ ավելի շատ ժամանակ անցկացնեմ Իր հետ և որ ցանկություն ունենամ ավելի հաճախ հաղորդակցվել Նրա հետ, ավելին, քան որ այսօր եմ անում։ Քանի որ հասկացել եմ, որ այդքան էլ շատ չեմ զրուցում Տիրոջ հետ, որքան որ անհրաժեշտ է։
Երբ խոսում եմ Աստծու հետ շփման մասին, պատկերացնում եմ, մի երկար, ուղիղ գիծ, որի վրա կան կարճ հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե որքան հաճախ եմ ես շփվում Տիրոջ հետ։ Ի հիասթափություն ինձ, ես նկատում եմ, թե որքան շատ են բացթողումները՝ Տիրոջ հետ սերտ հաղորդակցության։ Այսպիսով, ես խորապես գիտակցում եմ, թե որքան է իմ շփումն Աստծու հետ։ Եվ ամփոփելով ամեն ինչ, ես բավականին դժգոհ եմ ինձանից, քանզի իրականում այնքան քիչ եմ ժամանակ անցկացնում Աստծու հետ։
Բացի այդ, գիտակցելով, թե որքան քիչ եմ շփվում Տիրոջ հետ, ես նաև վճռականորեն գիտակցում եմ, որ Հիսուս անդադար բարեխոսում է մեզ համար (Հռոմեացիներին 8.34) և ես շատ շնորհակալ եմ Նրան: Տեր Հիսուս միշտ շփվում է ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես գիտակցաբար չեմ շփվում Նրա հետ:
Շատ հաճախ մենք այնքան հնարավորություն ենք ունենում շփվել Աստծու հետ, բայց շատ անգամ մենք հակված ենք կարծես թե զուտ նստելու և ուղղակի նայելու՝ ոչինչ չանելու։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ ենք մենք այդքան թերանում ու ոչինչ չենք անում, նույնիսկ չենք խորհում, ոչինչ չենք խոսում… Փոխարենը Տիրոջ հետ խոսելու, Նրան երկրպագելու, մենք պարզապես ոչինչ չենք անում։ Եվ այդ պահերին մեզանից շատերն ավելի հաճախ են զգում, որ Աստծուց կտրված են։ Այո՛, շատերս զգում ենք, որ Աստծու հետ կապը կտրված է ու երբեմն թվում է, թե ոչինչ չի կատարվում մեր կյանքում… ոչ մի հատուկ իրադարձություն, ոչ մի զրույց Աստծու հետ, ոչ մի «նամակ» Նրանից։ Երբ մենք գիտակցում ենք, որ մեր մտքերում կամ սրտում ոչինչ չի կատարվում, մենք ունենում ենք Աստծու հետ հաղորդակցության պակասի ընկալում։ Կամ էլ երբեմն մեզ թվում է, թե այլևս Աստված այլևս չի հաղորդակցվում մեզ հետ, բայց մինչդեռ դա ճիշտ չէ։ Նույնիսկ հանկարծակի մենք կարող ենք որոշել մեր մեջ, որ Աստված այլևս մեզ հետ չէ և նույնիսկ գուցե Նա լքել է մեզ։
Մինչդեռ մենք անտեսված չենք Տիրոջ կողմից։ Աստծու կապը մեզ հետ կտրված չէ։ Խաչի վրա Քրիստոսի ավարտած գործի համաձայն՝ Քրիստոսին հավատացողներիս Աստծու հետ հաղորդակցության ուղին բացված է։ Տիրոջ առաջ գնալու, Նրա հետ հողորդկացվելու համար խոչնդոտ այլևս չկա։ Մենք՝ Իր զավակներս ԵՐԲԵ՛Ք անտեսված ու լքված չենք Տիրոջ կողմից։ Տեր Հիսուս խոստացավ ու ասաց, որ Ինքը կլինի ՄԻ՛ՇՏ մեզ հետ ու ԵՐԲԵ՛Ք մեզ չի լքի։
Ինչո՞ւ է Աստված օգտագործում «միշտ» և «երբեք» բառերը՝ մեզ հետ ունեցած Իր հարաբերությունների առումով, թեև մենք ինքներս ենք ընտրում լսել Նրան, թե՞ ոչ։ Մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, մեծ «ամեն» ենք ասում, բայց և այնպես մենք ենք ցանկանում ընտրել, թե երբ պետք է թույլ տալ, որ «յուրաքանչյուր միտքը» գերի վերցվի, և որքան հաճախ է պետք է «միշտ» կամ որքան հազվադեպ է պետք է «երբեք» լինի։
Հաճախ մենք ինքներս ենք ցանկանում որոշել, թե որքան է սխալը չափազանց սխալ և թե որքան է ճիշտը բավականաչափ ճիշտ։ Երբ Աստծու Խոսքում ասվում է, որ պետք է «գերի վերցնել յուրաքանչյուր միտք», Տերը նկատի ուներ ոչ միայն վատ մտքերը, այլ նաև լավերը։ Մինչդեռ մենք որոշում ենք, որ մեր ընտրելով լինի ամեն բան և մենք ենք փորձում վերաձևակերպել Տիրոջ Խոսքը՝ «յուրաքանչյուր միտք»-ից անցնելով «ավելի շատ ընտրված մտքեր»-ի։
Աստված ասաց, որ «Ես ՄԻ՛ՇՏ ձեզ հետ եմ», մինչդեռ մենք զգալով Աստու հետ շփման պակասը, սկսում ենք վերաձևակերպել Նրա խոսքը, թե որքան հաճախ է «միշտ»։ Տերն ասաց, որ «Ես ԵՐԲԵՔ չեմ լքի քեզ», բայց մենք հաճախ վերաձևակերպում ենք Նրա խոսքերը՝ ինքներս չափ դնելով, թե որքան հազվադեպ է «երբեք», կարծես հազարից մեկ անգամը բավականաչափ մոտ է լինում այն «երբեք» անվանելու համար։
Բայց, երբ Աստծո Խոսքում օգտագործվում է «ՄԻՇՏ», «ԵՐԲԵՔ» և «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ» բառերը, ապա Աստված նկատի ունի այն, ինչ որ ասում է։ Աստված ասում է այս բառերը, քանի որ Նա հենց դրանք էլ նկատի ունի։
Տերը մոտավոր իմաստ արտահայտող բառեր չի ասում։ Տերը չի ասում «մեծ մասամբ» կամ «գրեթե հազվադեպ»։ Բ Կորնթացիներին 10.5-ում, չի ասվում, թե «գերի վերցրեք ձեր մտքերի մեծ մասը»։ Ընդհակառակը, համաձայն Տիրոջ Խոսքի, պետք է «գերի վերցնել բոլոր մտքերը», ինչը նշանակում է և՛լավը, և՛ վատը։ Սովորաբար, կա՛մ մենք ենք դրանք գերի վերցնում, կա՛մ դրանք մեզ են գերի վերցնում։ Բայց այսպես թե այնպես, ինչ-որ մեկը դառնում է գերի։ Մտածե՛ք այս մասին։ Դարձյալ ասում եմ, որ Տիրոջ Խոսքում Աստված նկատի ունի այն, ինչ ասում է։
Մենք Աստծու հետ կապված ենք Նրա Որդու արյան միջոցով, անկախ նրանից, ընկալում ենք դա, զգում ենք, թե՝ ոչ։ Հավատքով է, որ իմ կապն Աստծու հետ նույնքան հաստատուն է, որքան Որդու կապը, և Հիսուս երբե՛ք չի ձախողվում։ ԵՐԲԵ՛Ք։ Հիսուս մեզ հետ է և ԵՐԲԵ՛Ք չի լքի մեզ ու ԵՐԲԵՔ երեսից չի գցի մեզ։ Եվ մենք մեր կյանքը պիտի հիմնենք այս ճշմարտության վրա։ Աստված ակնկալում է, որ մենք ՄԻ՛ՇՏ հավատանք Իրեն ու Իր Խոսքին։
(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 24.06.2025)