039 ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Հոգևորապես հասուն լինելն իր մեջ ունի պատասխանատվության զգացում և նաև այնպիսի բնավորություն, որոնց մասին մենք երբեք չէինք կարող պատկերացնել, երբ առաջին անգամ հավատացինք։

«Ուստի ուղղե՛ք ձեռքերը և թուլացած ծնկները. քայլե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Բոլորի հետ ջանացե՛ք ապրել խաղաղությամբ և սրբությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբրայեցիներին 12.12-14)։

Շատ տարիներ առաջ, երբ ապրում էի Շառլոթում (Հյուսիսային Կարոլինա նահանգ), հիշում եմ, որ մի օր, ես մենակ կանգնած էի մթության մեջ՝ իմ բակի պատշգամբում, լաց էի լինեում Տիրոջ առաջ և հարցեր էի տալիս Իրեն. «Ինչո՞ւ։ Ախր ինչո՞ւ Տեր Աստված։ Ինչո՞ւ եմ ես միշտ խնդիրների մեջ։ Ինչո՞ւ է ինձ միշտ թվում, թե դժվարանում եմ առաջ գնալ, կարծես թե վազում եմ քամուն դեմ, զգում եմ, որ անընդհատ ինչ-որ երկընտրանքների մեջ եմ։ Ինչո՞ւ։ Ախր ինչո՞ւ Տեր իմ։ Միտքս ու սիրտս այնքան հոգնած են, ես այնքան եմ հոգնել այս ամենից Տեր իմ Աստված…»։

Հիշում եմ, այդ օրը, երբ կանգնած էի պատշգամբում, լսում էի քամու ձայնը՝ հատկապես ծառերի գագաթներից, լուռ լացում էի, հիասթափության արցունքները անդադար հոսում էին։ Եվ այդ ժամանակ, Տերը շատ նրբորեն խոսեց ինձ հետ ու ասաց. «Զավա՛կս, շատ հաճախ սա այն միակ դեպքն է, երբ դու ինձ մոտ ես գալիս՝ լիովին թևաթափ, հիասթափված ու կոտրված»։

Ես մեղքի մեջ չէի։ Ես չունեի ներումս անհավատություն կամ հատուկ, կոպիտ սխալ չէի գործել։ Ես նույնիսկ զղջում էի այն բաների համար, որոնց մասին երբեք չէի մտածել, զղջում  էի նաև անգիտակ մեղքերիս ու սխալներիս համար՝ մտածելով ոչինչ բաց չթողնել։ Բայց միևնույն է, կարծես այդ ամենից հետո, ամեն ինչ նույնը մնաց։ Գիտեք, երբ մենք հրաշքի կատարման ընթացքի մեջ եք, շատ անգամ, մենք չենք էլ զգում որ հրաշք է կատարվելու, նույնիսկ ոչ մի ելք կարող ենք չտեսնել։ Այնինչ Աստծու հրաշքը կարող է ճանապարհին լինել։

Մինչդեռ Աստված փոխում էր սիրտս, բայց ես դա չէի զգում նույնիսկ։ Թվում էր, թե ոչինչ էլ տեղի չէր ունենում։ Եվ հիմա, երբ հետ եմ նայում, գիտակցում եմ, որ ես «ինքնասպանություն» էի անում՝ մեղադրելով ինքս ինձ ամեն տեսակի վատ ու սխալ բաների համար։ Երբեմն կանգնում էի հայելու առաջ ու ինձ վիրավորում էի։ Ափսոսանքն ու զղջումը եկել էին ինձ այցելելու և չէին ուզում հեռանալ ինձնից։

Կարծես «դառնության մի արմատ» էր աճում ու աճում, փաթաթվում ոտքերիս շուրջը, «պարարտանում» ինքնաատելությունից, «ջրվում» հիասթափությունից և հուսալքությունից։ Մինչդեռ Աստծու նպատակն էր, որ ես մեծանամ, հասունանամ և լրջությամբ ու գիտակցաբար հավատամ Իրեն։

Մատթեոս 22.39-ում ասվում է. «Պիտի սիրես քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ»։ Իսկ ինչպե՞ս եմ ես սիրում ինքս ինձ. ի՞նչ ձևով։ Եկե՛ք ուշադրություն դարձնենք Տեր Հիսուսի խոսքերին. «Սիրի՛ր քո մերձավորին, ինչպես ինքդ քեզ ես սիրում», այլ ոչ թե «ատի՛ր քո մերձավորին, ինչպես ատում ես ինքդ քեզ»։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Տեր Հիսուս Ինքն է ասել այս խոսքերը։ Մինչդեռ բայց մեր հասկացողության «հռչակագրերի» տակ մենք դեռևս պահպանում ենք այն մոտեցումը, որով ասում ենք. «Եթե ես Աստված լինեի, ես երբեք չէի սիրի ինքս ինձ»։ Բայց Հիսուսն ասաց. «Սիրի՛ր», այլ ոչ թե՝ «ատի՛ր»։ Եթե մենք ատենք ինքներս մեզ, հավանականությունը շատ մեծ է, որ մենք նաև կատենք մեր մերձավորներին։

Մեր փառահեղ ու սիրող Աստված իսկապես սիրո՛ւմ է մեզ։ Եվ սա է ճշմարտությունն ու փաստը։ Այո՛, Տեր Աստված սիրո՛ւմ է մեզ։ Մենք չպիտի թույլ տանք, որ դառնության արմատը, ինքնաատելությունը, ինքնամեղադրանքը «բույն» դնեն մեր սրտերում։ Աստծու Խոսքի ճշմարտությունը ավելին է ու ավելի իրական, քան այն վիճակները, որում մենք խաբնված ենք լինում։

Մեր Աստծու կամքն ու ցանկությունն է, որպեսզի մենք աճենք և լինենք հասուն հավատացյալներ՝ ճիշտ և կերպով բաժնեկցելով ճշմարտության Խոսքը։ Ինչպես որ ասվում է Բ Տիմոթեոսին 2.15-ում. «Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ ներկայացնել որպես փորձված մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է ուսուցանում»։ Կամ՝ «Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ» (Եփեսացիներին 6.10)։ «Որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից»։ (Բ Կորնթացիներին 1.4)։

«Եվ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի» (Եբրայեցիներին 12.13)։ Որոշ թարգմանություններում «չգլորվի» բառի փոխարեն  օգտագործված է «ճանապարհից դուրս չգա» բառերը։ Սակայն այս հատվածի վերաբերյալ ավելի լավ պատկերացում կա՝ ոչ միայն սխալ ճանապարհի վրա լինելու, այլ ավելի շատ բժշկական իմաստով։ Ինչպես օրինակ՝ մեկը, ով ունի հոդախախտված ձեռք կամ ոտք։ Մեր Աստված մեզ աճեցնում է այն աստիճան, որպեսզի մեզ դարձնի այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են անհրաժեշտ անկեղծ զրույց ունենալ նախ ինքներս մեզ հետ և ապա մեր ընկերների հետ։ Իսկ դա ուղիղ ճանապարհներ է բացում մեր ոտքերի համար և վերականգնում մեր կյանքի «հոդախախտված» մասերը։

Եկե՛ք լինենք Քրիստոսի մեջ հասուն հավատացյալներ, ովքեր բնավորությամբ և կյանքով փորձում են նմանվել Աստծուն՝ Նրան, ով մեզ դուրս բերեց խավարից, կիսելով Իր հատկանիշները մեզ հետ։  Ինչպես որ երեխաներն են փորձում նմանվել իրենց ծնողներին, այնպես էլ մենք ջանք անենք նմանվել մեր Երկնային Ծնողին։ Եկե՛ք ընթանանք որպես հասուն հավատացյալներ, որոնք առաջնորդվում են Աստծո Հոգով և ապրենք հանգիստ՝ Նրա արդարության, խաղաղության և ուրախության մեջ։ «Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներին 14.17)։

Ճշմարտությունն այն է, (ու ես հավատում եմ որ դա այդպես է) որ շատ-շատ մարդիկ իրենց մասին վատ պատկերացում ունեն։ Շատ անգամ, երբ մեր խիղճը մեզ հետ է տանում մեր անցյալ ու մենք սկսում ենք մեզ նայել մեր ներսի «հայելու» միջից, եկե՛ք օրհնենք, այլ ոչ թե անիծենք ինքներս մեզ՝ ճշմարտությունը պատմելով բարությամբ և շնորհքով, բայց նաև ինքներս մեզ հիշեցնելով, թե ում ենք պատկանում։ Մենք պատկանում ենք Նրան, ով մեր հոգնած ձեռքերն է զորացնում և մեր թույլ ծնկներն է ամրապնդում՝ խթանելու սերն ու բարի գործերը։ «Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով» (Եբրայեցիներին 10.24)։

Եկե՛ք ուժեղ լինենք, զորանանք և քաջալերվենք Տիրոջով։ Սա մարգարեական հայտարարություն է։

«Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ հասուն մարդ դարձա, երեխայական բաները թողեցի։ (Ա Կորնթացիներին 13.11)։

Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan

Leave a Reply