ՄԵՆՔ ԱԶԱՏ ԵՆՔ
«Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին» (Նաում 1.15)։
«Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա Նրա փրկությամբ։ Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. “Տե՛ր, ո՞վ է Քեզ նման. Դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից”» (Սաղմոս 35.9-10)։
«Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ Նա՛ է նրանց ապաստանը։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են Նրա վրա» (Սաղմոս 37.39-40)։
«Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։ Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. Նա, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 124.7-8)։
«Այսպես է ասում Տերը. “Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ Ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։ Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ”» (Նաում 1.12-13)։
Արդյո՞ք դու ազատ ես։ Գուցե դու ասում ես, որ այո՛։ Բայց ո՞րն է քո ապացույցը, որ ազատ ես։ Ես կարծում եմ, որ մենք հաճախ շփոթում ենք ինչ որ բանի կամ ինչ որ մեկի հետ համաձայնվելը պարտավորության հետ։
Մարդիկ համաձայն են, որ Աստված արդար է, ճշմարիտ է և ինչ որ ասում է, ճիշտ է, բայց հաճախ չկա մեծ նվիրվածություն ինչ որ բան իրականում ԱՆԵԼՈՒ համար։ Այն, որ մենք համաձայն ենք, դեռ չի նշանակում, որ մենք մտադիր ենք կամ պարտավորվում ենք ինչ-որ բան ԱՆԵԼ։
Հիսուս ասաց. «Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հովհաննես 8.36)։
Այսպիսով, եթե Հիսուս Քրիստոսը՝ Աստծու Որդին, ասում է, որ մենք ազատ ենք, և մենք համաձայն ենք Նրա հետ, որ մենք ազատ ենք, ինչպես որ Նա ասաց, ինչո՞ւ ենք մենք երբեմն կամովի կրում թշնամու նույնիսկ փոքր լուծը։
Շատերը, կարծես, պատրաստ են շարունակ կրել իրենց անցյալի բեռը՝ չցանկանալով իսկապես թողնել դրանք, չնայած Տերն ասում է, որ Նա մեր մեղքերն այնքան հեռու է «նետել», որքան որ արևելքն է հեռու արևմուտքից։
Երբեմն մենք նույնիսկ պատրաստ ենք կրել ուրիշի անցյալի բեռը, անկախ նրանից՝ նրանք արյունակից ազգականներ են, ընկերներ են, մտերիմներ, թե՝ ոչ։
Ինչո՞ւ ենք մենք այդքան շահագրգռված մեր խնդիրների համար մեղադրել մեր կյանքի պատմության մեջ ինչ-որ մեկին, երբ մենք ենք ստեղծել դաժան, անբարենպաստ հանգամանքներ ու իրավիճակներ՝ մեր սեփական ընտրության և սխալ ու վատ որոշումների կայացման միջոցով։ Եվ մենք ինքներս ենք մեզ համար հաստատել ինչ որ ինքնահռչակ կանոններ։ Եվ այդ ամենը մենք ինքնե՛րս ենք արել և ոչ թե ուրիշները։
Ինչո՞ւ ենք մենք այդքան դժվարանում թույլ տալ Աստծուն բարի լինել մեզ հետ։ Նորից հարցս կրկնեմ. ինչո՞ւ ենք մենք այդքան դժվարանում թույլ տալ Աստծուն բարի լինել մեզ հետ։ Նա ասաց, որ մենք ազատ ենք, ուրեմն որքանո՞վ է Նրա ասած այդ ազատությունը բավականաչափ ազատ մեզ համար։
Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել ազատ լինելը և ինչպիսի՞ն է այն ձեզ համար։ Պատրա՞ստ եք լինել «համարյա ազատ», թե՞ «հիմնականում ազատ»։ Որքանո՞վ է այդ ազատ լինելը բավականաչափ ազատ։
Մենք վերցնում ենք ազատության մասին Աստծու լիարժեք խոսքերը և նվազեցնում Նրա ասածների «կշիռը»՝ մեր աչքերում դրանք համապատասխանեցնելով անարժանության հետ։ Մենք փորձում ենք վերստեղծել ստրկության լուծն այն մարդկանց համար, որոնց Հիսուս արդեն ազատագրել է։ Եվ ցավոք, մենք հաճախ այդ մարդկանց ասում ենք, որ չնայած Հիսուս նրանց ազատագրել է չարից, խավարից և ԲՈԼՈՐ մեղքերից, դեռևս կա մի անեծք, որը կախված է նրանց վրա՝ իրենց նախապապի, ծնողի կամ իրենց կյանքի պատմության մեջ եղող վաղուց մահացած մեկի պատճառով։ Սա ճիշտ չէ։ Աստծու Խոսքը նման բան չի ասում բնավ։
Մահացած այդ մարդիկ մեզ հետ ոչ մի կապ չունեն, նրանք այլևս ողջ չեն, ուստի հետաքրքիր է, ինչպե՞ս են մոգոնում նման թյուր ու մոլորեցնող գաղափարներ. այդ ինչպե՞ս կարող են որոշ անեծքներ գոյատևել Քրիստոսի Արյունով մաքրվելուց հետո։ Եթե նման մարդկանց ասելով, իրենք դեռևս որոշ անեծքների տակ են Քրիստոսին ընդունելուց հետո, նույնն է, թե ասել, որ Հիսուսի Արյունը բավարար չէր մեզ բոլոր մեղքերից մաքրելու համար։
Արդյո՞ք դուք էլ եք այն մարդկանցից, ովքեր «ազատագրման» ծառայություն են անում՝ ասելով մարդկանց, որ նրանք սերնդեսերունդ անեծքներ ունեն։
Արդյո՞ք դուք էլ եք այն մարդկանցից, ովքեր ասում են, որ Հիսուս Քրիստոսի Արյունը բավականաչափ արդյունավետ չէ բոլոր մեղքերը մաքրելու, մեղքերի թողության այդ գործը կատարելու համար և որ դո՛ւք, այո՛, հենց դուք եք այն միակը, ովքեր ավելին գիտեն, թե ինչպես դուրս գալ այդ վիճակներից և որոնց իմացածն ինչ-որ կերպ գերազանցում է Ամենակարող Աստծու Խոսքին։
Արդյո՞ք դուք էլ եք այն մարդկանցից, որ ասում եք, որ միայն դուք կարող եք մխիթարություն բերել խեղճ, չազատագրված հոգուն, ինչը նույնիսկ Աստված Ինքը չկարողացավ անել։
Ինչո՞ւ եք դուք կրկին գերության մեջ տանում նրանց, ովքեր ընդունել են Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։ Իրենց մեղքերը խոստովանելուց և Նրա ներումը բոլոր մեղքերի համար խնդրելուց հետո, ինչո՞ւ եք առաջարկում նրանց վերադառնալ գերության՝ փորձելով նրանց համոզել, որ նրանք դեռևս ինչ որ անեծքի տակ են։ Արդյո՞ք դա է Քրիստոսի խաչի վրա կատարած գործը։
Ինչո՞ւ եք ուզում կրել ուրիշների բեռը, երբ Հիսուս արդեն նրանց ազատել է մեղքի և խավարի բեռներից ու ծանրություններից։ Մի՞թե դուք ավելին եք անելու։
«Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի» (Առակաց 26.2)։ Դուք երբևէ կարդացե՞լ էիք սա։ Մտածե՛ք այդ մասին։ Եթե անեծքի համար այլևս հիմք ու պատճառ չկա, ապա այն չի դիպչում, և ինձ համար այլևս կարևոր չէ, թե ով է անիծել կամ կախարդություն արել… այն չի դիպչում։ Եթե մենք Հիսուսի Արյան ներքո ենք, ապա ինչպե՞ս կարող է անեծքը դիպչել։
«Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոս, մեզ համար մորթվեց» (Ա Կորնթացիներին 5.7)։ Այս հատվածում «անթթխմոր» բառը հունարեն «ad’-zoo-mos» բառն է, որը փոխաբերական իմաստով նշանակում է «անօրինության ՝ թթխմորից ազատ»։
Դու պատասխանատու չես ո՛չ իմ անօրինության թթխմորի, ո՛չ էլ մեկ ուրիշի անօրինության թթխմորի համար։ Ես եղբորս պահապանը չեմ, ես եղբորս եղբայրն եմ։ Իմ գործը չէ այնպես անել ու ամեն ջանք գործադրել, որպեսզի եղբայրս ճիշտ կյանք վարի և պահպանի ամեն ձևով լավ լինելու կանոնները։
Աստված երբեք մեզանից ոչ մեկին չի խնդրել, որպեսզի խաղա «Սուրբ Հոգի կրտսերի» դերը՝ մարդկանց կյանքը վերահսկելով։ Ես չասացի՝ մի՛ մտահոգվիր, ես ասացի՝ իմ խնդիրները քո խաչը չեն, որ կրես։ Ոչ ոք պարտավոր չէ կրել ուրիշի խաչը։ Դու ունես քո սեփական բեռը և իմ բեռը կրելու կարիքը չունես։
Ցավոք, նրանք, ովքեր «ազատագրում են» մարդկանց, արդյո՞ք նման չեն կարծես նրանց, ովքեր այնքան են մուրճով հարվածում մեղքին, մինչև որ մարդը խոստովանի իր մեղքը։ Եթե նրանք սա չեն տեսնում, ապա այդ ամբողջ մուրճով հարվածը կարող է նրանց ստիպել հնազանդվել, բայց, հավանաբար, նրանց սրտում ոչինչ չի փոխվում։
Ես հավատում եմ, որ նման «ծառայողները» այդ կերպ, հոգևոր բառապաշարով փորձում են մանիպուլացիա կիրառել մարդկանց հանդեպ։ Նրանք մարդկանց ենթարկում են մանիպուլացիայի՝ ստիպելով նրանց խոստովանել մի բան, որը, հնարավոր է, իրականում տեղի էլ չի ունեցել, գոյություն չունի։
Երբ ես օրինակ նորադարձ քրիստոնյա էի, ինձ ասում էին, որ ես եղել եմ և միշտ էլ կլինեմ սարսափելի մեղավոր, այնպես որ ավելի լավ է սովորեմ այդ վիճակին։ Եվ իմ հուսահատությանս մեջ, ես Տիրոջը խոստովանեցի բոլոր մեղքերս՝ ինչ որ հիշում էի, բոլոր այն խնդիրները, որոնց մասին կարող էի մտածել և նույնիսկ այն մեղքերը, որոնց մեջ երբեք չէի էլ եղել… անընդհատ խոստովանում էի՝ զօր ու գիշեր։
Ես հուսահատությամբ էի փորձում ազատ լինել՝ հակառակ նրա, որ պիտի հավատայի Աստծուն, ով ասաց, որ ես ազատ եմ։ Հիսուս Քրիստոսի Արյամբ մենք ԱԶԱՏ ԵՆՔ։ Տերն ասում է ճշմարտությունը, այն, որ մենք ազատ ենք։ Մենք պարտավոր չենք փրկվելու համար մեր սեփական ջանքերը գործադրել և անընդհատ զղջալ՝ ազատ դառնալու համար։ Մենք պիտի գիտակցենք այս ճշմարտությունը. մենք ԱԶԱ՛Տ ԵՆՔ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ։ Այո՛, մենք ազատ ենք։ ԱՍՏՎԱ՛Ծ է ասել սա և Նրա Խոսքը ճշմարտություն է։
Իսկ դուք ի՞նչ եք մտածում․․․
(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan