«Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ, քանի որ այն, ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, հայտնի է նրանց, որովհետև հենց Աստված հայտնեց նրանց։ Քանի որ աշխարհի սկզբից ի վեր Աստծու աներևույթ հատկանիշները, այսինքն՝ Նրա մշտնջենավոր զորությունն ու աստվածությունը, իմանալի և տեսանելի են արարածների միջոցով, որպեսզի նրանք որևէ արդարացում չգտնեն։ Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին»։ (Հռոմեացիներին 1.18-21)
Աստված անհայտ մեկը չէ։ Նա թաքնված չէ։ Մինչդեռ մենք դեռ թաքնվում ենք։ Ծննդոց գրքում տեսնում ենք, որ Ադամն ու Եվան մեղքի պատճառով թաքնվեցին Աստծուց եդեմական պարտեզում։ Այդ ժամանակներից ի վեր, չնայած մարդը միշտ թաքնվել է Աստծուց, բայց Աստված երբեք չի թաքնվել մարդուց։ Աստծու գործերը տեսանելի են յուրաքանչյուրի մեկի համար, ով հետաքրքրված է դրանք տեսնելու….բառացիորեն ասած, Նրա մատնահետքերն ամենուր են։
Աստծուն չհավատալու համար ոչ մի արդարացում չկա։ Նա հստակորեն հայտնել է Ինքն Իրեն աշխարհին և նաև յուրաքանչյուր անհատի խղճին։ Այո՛, այո՛, անժխտելի փաստ է, որ Նրա մատնահետքերն ամենուր են։ Օրինակ, գիշերն աստղերին նայելը, պարզապես ինքնին համոզում է ցանկացած մեկին, որ գոյություն ունի Արարիչ։ Բացի այդ, ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ իրենց սրտի խորքում գիտեն, գիտակցում են, որ կա Աստված։ Եվ փաստ է նաև, որ բոլոր մարդիկ ծնվում են ճիշտն ու սխալը տարբերելու զգացումով։
Աշխարհի որ անկյուներն էլ գնաս, թե՛ Աստծուն սիրողները և թե՛ Աստծուն ատողները, համաձայն են, որ գողությունը սխալ է, ստելը սխալ է, շնությունը սխալ է, դավաճանությունը սխալ է։ Ու հատկապես, երբ այդ ամենը պատահում է նրանց հետ։ Որտեղի՞ց են նրանք վերցրել ճշտի և սխալի այդ գաղափարն ու պատկերացումը։ Օրինակ, մենք չենք կարող իմանալ, թե ինչ է կոր գիծը, եթե նախ չունենանք ուղիղ գծի գաղափարն ու պատկերացումը։
Այս ամենով հանդերձ, մարդիկ կարծես թե փորձում են անտեսել, նաև մերժել ճշմարտությունը, քանի որ չեն ուզում հավատալ դրան։ Մի անգամ մեկն ինձ ասաց, որ «Աստված Իր գոյությունն ապացուցելու համար, Նա Ինքը պետք է համապատասխանի մարդկային չափանիշներին»։ Այդ մարդն իսկապես կարծում էր, որ իր չափանիշները կարող են բավականաչափ բարձր լինել՝ Աստծուն սահմանելու համար։ Կարծում եմ, ըստ էության, նա նկատի ուներ հետևյալը՝ «Աստված պետք է ապացուցի Իրեն ԻՄ չափանիշներին համապատասխան»։ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ հավիտենական է, Նա կախված չէ որևէ մեկից կամ որևէ բանից, և ոչ էլ Նրանից պահանջվում է համապատասխանել որևէ մեկի չափանիշներին՝ գոյության համար։
Եթե օրինակ Աստված ստրկացված լիներ և պարտավորված լիներ բավարարել մարդկության պահանջներն ու չափանիշները, ապա Նա դժվար թե լիներ Աստված՝ Ամենազոր և Անկախ… Նա կլիներ պարզապես ևս մեկ աստված, կամ էլ փոքրիկ մի «աստվածիկ»՝ մարդածին աստվածների «ծովում», որ կենթարկվեր և կախված կլիներ մարդու գոյության քմահաճույքից… և ինձ համար դա պարզապես հիմարություն կլիներ:
Այսպիսով, ինչու՞ չհավատալ Աստծուն, երբ դա, անշուշտ, ավելի հեշտ է, քան հավատալը պտտվող ատոմներին, որոնք համաձայնության են գալիս ոչ միայն միավորվելու և ինչ-որ բան ստեղծելու, այլև բավականաչափ խելացի և իմաստուն լինելու՝ անսահման խորը հասկացություններ ավելացնելու համար, ինչպիսիք են սերը, ատելությունը, պատասխանատվությունը, բարեկամությունը, կապույտ երկինքը, անձրևը և գոյության բոլոր ֆիզիկական և ոչ ֆիզիկական բաները: Ինչու՞ չհավատալ Աստծուն:
Ես հավատում եմ, որ մարդկանց մեծամասնության համար Աստծուն չհավատալու խնդրի հիմքում ընկած է ընդհանրացված «Չեմ ուզում»-ը։ Նման մարդկանց սիրտը պարզապես լի է «չեմ ուզում»-ներով: Աստծուն հավատալն անհավատներին կդներ դեմ առ դեմ իրենց հետ, նրանց բնավորության սխալների, ապստամբության և Աստծուն վերադառնալու նրանց անհրաժեշտության հետ, ինչը կարող է ավելին լինել, որին էլ շատերը պատրաստ չեն: Թվում է, թե ոմանք ավելի մոտ են Աստծուն ընդունելու և չափազանց անկեղծ են, աբյց ցավոք քայլեր չեն անում: Գուցե Քրիստոսին ընդունելու կարիքը դեռևս բավականաչափ խոր չէ:
Հետևաբար, նրանք ժխտում են Աստծո գոյության փաստերը և փորձում են խաղալ փոքրիկ մտավոր խաղեր՝ փորձելով արդարացնել ճշմարտությունը։ Այդ պատճառով էլ Աստծու հստակ սահմաններն ամեն տեսակ անաստվածության և անարդարության դեմ, հայտնվում է Երկնքից և անսասան վճռականությամբ սահմանվում է Աստծու ձեռքով։ Անհավատությանը Նա ասաց. «Այլևս հերի՛ք է։ Դու այլևս մեղք, չարիք և անհավատություն չես բերի Իմ տուն»։
Տերը ճշմարտության Աստվածն է։ Աստվածաշնչի Աստված առասպելի կամ լեգենդի աստված չէ։ Հիսո՛ւս Քրիստոսն է Ճշմարտությունը։ Նա՛ է միակ իրականությունը։ Նա՛ է իրականում իրականը ողջ Տիեզերքում։ Նա՛ է Ճշմարտությունը, վերջին խոսքը Նրա՛նն է՝ խաբեությամբ և ստերով լի այս աշխարհում։ Նույնն էլ Աստվածաշունչը. այն պարզապես կրոնական ֆանտազիաներով լի հորինված գիրք չէ. այն Աստծո՛ւ Խոսքն է, ճշմարիտ է՝ հոգևոր, պատմական և գիտական առումներով։
Աստված թաքնված չէ։ Այդ մենք ենք թաքնվում։ Մենք թաքնված էինք Եդեմի պարտեզում և մինչև այսօր, մենք դեռ թաքնվում ենք։ Տերը մեզ հրամայում է դուրս գալ թաքստոցից, խոնարհվել Իր առաջ և ազնիվ լինել, բացել մեր սրտի դռները և քանդել մեր ցանկապատերը։ Իսկ ի՞նչ է լինելու մեզ հետ, եթե շարունակենք մնալ Աստծու հանդեպ ապստամբ վիճակում և մեղքերի մեջ։
Քրիստո՛սն իրական է, Նա թաքնված չէ, Նրա բազուկները բաց են՝ մեզ ընդունելու՝ ինչպիսին որ կանք։ Քրիստոսը պատրաստ է ներել մեզ՝ մեր բոլոր մեղքերով հանդերձ, մեր ամենամութ գաղտնիքները։ Մենք պարզապես պետք է գնանք դեպի Քրիստոսը, որպեսզի պատրաստ լինենք դուրս գալ մեր թաքստոցներից։
Եթե դուք թաքնված եք Աստծուց ձեր թաքստոցներում, ապա դո՛ւրս եկեք, դո՛ւրս եկեք, որտեղ էլ որ լինեք։ Աստված ձեզ կանչում է՝ վերադառնալու տուն։
(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan