034 ԱՍՏՎԱԾ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է

Ո՜վ Տեր Հիսուս Քրիստոս, Դու այնքա՜ն բան արեցիր իմձ համար։ Դու փոխեցիր իմ թախիծն ու ճնշող վիշտը։ Դու պոկեցիր իմ սգո սև ժապավենը։ Դու չլքեցիր ինձ։ Դու ինձ հանգիստ շունչ քաշելու տեղ տվեցիր։

Հիսուս ինձ դուրս հանեց փոսից, խորը ցեխից և ստիպեց ինձ ցնծությամբ թռչկոտել ու վազվզել՝ իմ անձը հանձնվելով Իր սիրուն։ Երբ ես ահավոր ճնշված էի մեղքերիցս, ու դրանք այնքան էին կուտակվել էին՝ գարշահոտ ու պղծող, անթիվ-անհամար, երբ ես ապրում էի անհույս ու կոտրվածխ սրտով՝ արցունքներով ողողված, Աստված հենց այդ իրավիճակներում միջամտեց և ինձ դարձրեց Իրեն գովերգող մի բանաստեղծ։

Ո՞վ է Աստված։ Եվ ամենակարևորը. ո՞վ է Աստված՝ Տիեզերքի Արքան հենց ձեզ համար։ Եկե՛ք խոսենք Աստծու անտեսանելի հատկանիշների մասին. Աստված երբեք չի ուշանում։ Նա երբեք ոչինչ չի հետաձգում։  Ո՛չ վիճակագրական թվերը, ո՛չ էլ գրավոր որևէ բան չեն կարող պատշաճ կերպով հաշվարկել Աստծուն՝ թե Նա ինչպես է գործում։

Աստված միջամտում է։ Նա իսկապես աննկարագրելիորեն լավագույն կերպով է գործում որպես Աստված և Նա երբեք չի հանձնվում։ Նրա սերը բացարձակապես մշտական է։

Աստված գթած, ողորմած և բարի է։ Նա նման է սիրող ու հոգատար ծնողի, որ իր սերն արտահայտում է մեզ ամբողջ օրը և մեզ համար երգեր է երգում ամբողջ գիշեր։ Նա մաքրում է ամեն տեսակ մեղքերից ու օգնում է Իր մեջ մնալ ու ապրել Իրենով բոլոր նրանց, ովքեր հավատում, վստահում ու ընդունել են Իրեն։ Աստված Իրեն սիրողներին տալիս է Իր լապտերն ու կողմնացույցը։ Աստված մեզ համար քարտեզ է պատրաստում և հետո իմաստություն և հասկացողություն է տալիս՝ դրան հետևելու համար։ Աստծո խոստումները մի՛շտ, մի՛շտ, միշ՛տ են և այո՛ են, այո՛, այո՛։

Շատ տարիներ առաջ, երբ ես խորը դժվարությունների մեջ էի, հասկացա, որ միայն մեկ տեղ կար գնալու՝ Աստծու մոտ։ Արդյո՞ք մեզ համար կարևորագույն արժեք է Աստծու հետ մտերիմ ու լավ հարաբերություններ ունենալը։ Երբ իմ այն ընկերները, ովքեր խոստացել էին, որ անկախ ամեն ինչից, միշտ կլինեն իմ կողքին, կյանքից հեռացան, իսկ ոմանք էլ ուղղակի լքեցին ինձ, ես արդեն ցանկություն չունեի նույնիսկ ապրելու, ես շատ հուսալքված էի։ Եվ այդ պահերին Աստվա՛ծ Ինքը միջամտեց։ Երբ ես արդեն գաղափարներ չունեի, երբ երևակայություն չունեի, երազանքներ չունեի և թվում էր ամեն բան վերջացել է, Աստվա՛ծ միջամտեց։ Կյանքիս այդ պահերին ես այլևս պատկերացում չունեի, թե ուր գնամ, ինչ անեմ, ինչ ասեմ կամ ինչպես վարվեմ։ Ես այլևս պատկերացում անգամ չունեի, թե ինչ սպասեմ կյանքից կամ ինչ պետք է պատահեր հաջորդիվ։ Եվ հենց այդ իրավիճակներում է, որ Տեր Հիսո՛ւս միջամտեց։ Երբ ես մեղքերի ու ձախողումների մեջ էի հայտնվել, Տեր Հիսո՛ւս միջամտեց։ Նա կտրեց ոտքերս բոլոր կապանքներիցս և ազատագրեց ինձ։ Ես կարծում էի, որ դա ինձ համար վերջն էր, բայց Աստվա՛ծ կրկին միջամտեց՝ լուծելու իմ բոլոր խնդիրները, իմ ներսում եղող և հոգևոր բոլոր կոնֆլիկտները։

Իսկ արդյո՞ք Աստված միջամտում է աշխարհում տեղի ունեցող իրավիճակներում: Եթե այո, ապա կա՞ն արդյոք այս աստվածային միջամտության անհերքելի օրինակներ: Արդյո՞ք Աստված որևէ մատնահետք է թողել Իր ձեռքի գործերի վրա:

Արարչագործությունն ինքնին փաստում է Աստծու միջամտության մասին։

Ես կարծում եմ, որ մենք կարող ենք վստահորեն մատնանշել Աստծու միջամտության բազմաթիվ օրինակներ: Ամեն ինչ՝ սկսած Իսպանական Արմադայի պարտությունից մինչև ժամանակակից Իսրայելի գոյությունը, որպես ապացույց այն բանի, որ Աստված միջամտել է պատմության մեջ: Իհարկե, կան նաև Աստվածաշնչի հրաշքները, որոնք գրանցվել են իրադարձությունների ականատեսների կողմից։

Իհարկե, այս ամենի գերհոգևոր կողմն էլ կա. կան հավատացյալներ, ովքեր կարծում են, որ ամեն ինչ Աստծու անմիջական միջամտությունն է, ինչպես օրինակ՝ լավ կայանատեղիի բաց լինելը հստակորեն ընկալվում է որպես Աստծո հրաշք:

Ոմանք հավատում են, որ հանկարծակի քամու պոռթկումը կամ ընկերոջ հետ պատահական հանդիպումը Աստծու կողմից ակնհայտորեն այլ ուղղությամբ շարժվելու նշան է: Սա գուցե այդպես է, գուցե և ոչ: Թեև այս մտածելակերպն ավելի աստվածաշնչյան է, քան Աստծու միջամտությունը վճռականորեն մերժող մարդու մոտեցումը, որն առաջացնում է ավելի լուրջ խնդիրներ: Իհարկե, գրեթե ամեն ինչ որպես աստվածային միջամտություն մեկնաբանելը կարող է հանգեցնել շատ սուբյեկտիվ եզրակացությունների: Շատ դեպքերում, երբ որոշ մարդիկ հայտնվում են ծայրահեղ վատ իրավիճակներում, պետք է խոստովանենք, որ նրանցից շատերը հակված են ամեն ինչ ընկալել այնպես, ինչ իրենք են ուզում: Երմեն գայթակղիչ է ուսումնասիրել ամպերի ձևերը՝ «ապացույցներ» գտնելու համար այն մասին, թե ինչպիսին ենք ուզում, որ լինի Աստծու կամքը, փոխարենը Աստծո կամքը իսկապես փնտրելու աստվածաշնչյան ձևով:

Բայց վերադառնանք թեմային։ Ես հավատում եմ, որ Աստված միջամտում է երկրի վրա ապրող յուրաքանչյուր կենդանի էակի կյանքին, անկախ նրանից՝ նրանք հավատում են դրան, թե ոչ, կամ գնահատում են դա, թե ոչ: Եթե Աստված որևէ կերպ չմիջամտեր, ես կարծում եմ, որ կյանքն անմիջապես կվերածվեր կործանման և մի ակնթարթում կհասներ զրոյի: Ծննդոց 20.1-18 հատվածում լավ օրինակ  կա այն մասին, թե ինչպես Աստված միջամտեց Աբրահամի իրավիճակներին և նաև, թե ինչպես Աստված հանուն Աբրահամի միջամտեց, երբ նա օգնություն խնդրեց Տիրոջից:

Աստված միջամտում է իրավիճակների մեջ նույնիսկ հանուն անհավատների, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր Միածին Որդուն… նույնիսկ այն ժամանակ, երբ մարդկությունը չէր հավատում Աստծուն կամ չէր գնահատում Նրա սիրո արժեքը, Աստված միջամտեց և փրկությունը հասանելի դարձրեց բոլոր նրանց համար, ովքեր կհավատային, կընդունեին Նրան, կզղջային և կկանչեին Նրա անունը։

Այո՛, Աստված միջամտում է։ Նա՛ է գլխավոր միջամտողը և Նա պատրաստ է չեղյալ համարել ձեր մահվան դատավճիռը։ Ուշի ուշով խորհե՛ք Նրա սիրո մասին, բացեք ձեր սրտերը Նրան, հանձնբեք ձեր կյանքը Նրան, քանի դեռ ուշ չէ․․․․

 

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan

033 Նա՛ է մեր Աստվածը

Գիտեի՞ք, որ Աստված նման է մի ապահով տան կամ ջերմ ու հոգատար մի տանտիրոջ։ Նման է մի տան, որ երբ հասնում եք, հանգստանում եք և երբեք չեք ափսոսում, որ թակել եք Աստծու դուռը։ Երբ Աստված խոսում է «զոհերի»՝ մեղքի, չարի իրական զոհերի հետ, նրանց թույլ զարկերակը արագանում է, և անհույսների սրտերը բարձրանում են, երբ Տերը շշնջում է նրանց ականջներին։ Խավարում եղող  «բանդաների» առաջնորդների կառավարմանը վերջ է դրված, և «փարավոնի» օրերն ավարտվել են։ Մեր Աստված և մեր Երկնային Արքան մեզ համար երկնային զարդեր է պատրաստել, և եկե՛ք մենք ևս գրենք այն բոլոր բարիքների մասին որ Նա արել է Նրա «հրաշքների գրքում»։ Որքա՜ն հրաշալի Աստված ունենք մենք։ Տեր Հիսուս Քրիստոսն Աստվա՛ծ է, մե՛ր Աստվածը։ Երբ Աստված մեր կողքին է, չարի կրակները հանգում են, բռնությունը բումերանգների է վերածվում, և անեծքներով լի մարդիկ կարծես վերածվում են «քամու պարկերի», մարդիկ, ովքեր «տափակ» մտածելակերպ ունեն և չեն կարող մտածել այսօրվանից այն կողմ։

Առանց Հիսուսի՝ Աստծու Քրիստոսի, մարդը կարծես նման է «դարմանի մղեղի», որին քամին ցրիվ է տալիս։ Առանց Քրիստոսի մարդիկ հավաքվում են ծաղր անողների աթոռին նստելու, թափառում են՝ կորստի ճանապարհի մեջ։ Նման մարդիկ արհամարհում են արդարությունը, և Աստված նրանց անվանում է նաև «չոր, անպտուղ անապատային» ամբարտավաններ։ Մաղձով ու դառնությամբ լցված նման մարդիկ այնպես են ապրում, կարծես Աստված չի տեսնում ու հեռացած է իրենցից։

Բայց նայեք նրանց կյանքին, չե՞ք նկատել, որ նրանց «պտուղը» փշոտ ծառերն են։ Քրիստոսին չունեցող մարդիկ նման են ոչխարների, որոնք հերթով ձևանում են, թե հովիվ են, բայց վերջիվերջո, առանց Աստծո, նրանք պարզապես «զրոներից բաղկացած շարք» են։ Նրանցից շատերը «հոգևոր սպասավորներ են» և մարդկանց վերաբերվում են որպես «արագ սննդի ուտեստի»։ Նրանք այնքան զբաղված են Աստծուն անհաճո բազմապիսի բաներով, որ օրինակ նույնիսկ ժամանակ չեն գտնում աղոթել մարդկանց համար կամ արձագանքել նրանց կարիքներին։

Գուցե ինձ հարցնեք. «Իսկ դու ինչպե՞ս ես վարվում»։ Ես երբեք Աստծու անունը զուր տեղ չեմ օգտագործում։ Երբեք Նրա անվանը  չեմ վերաբերվում որպես ապրանքանիշի։ Ես ուզում եմ Տիրոջով ցնծություն ունենալ, ինչպես որ Հակոբն էր ցնծում և Իսրայելն ուրախանում, երբ Տերը գերությունից էր դարձնում (տե՛ս Սաղմոս 14.7, որտեղ ասվոմ է. «Ո՜հ թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ որ ՏԵՐՆ Իր ժողովրդի գերությունը դարձնի՝ Հակոբը կցնծա և Իսրայելն ուրախ կլինի»)։ Աստծու իմաստուն խորհուրդը հաստատվել է իմ մեջ և այն ակնհայտ է, քանի որ իմ սրտում հանգստություն կա։ Տեր Հիսուս Քրիստոսը չեղյալ է հայտարարել դժոխք տանող իմ «տոմսը» և պատռել է մեղքերիս «աշխատավարձը»՝ հատուցումը։ Երբ ես բազում գաղտնիքներ ունեի, որոնք թաքցրել էի ամենուրեք ձգվող ցանկապատերի տակ, Աստված բարի գտնվեց իմ հանդեպ և չբացահայտեց դրանք՝ չուզեց խայտառակել ինձ, այլ ընդհակառակը. Նա Իր շնորհքի թանկարժեք քարերն էր դաջում իմ ցանկապատերի վրա։ Իհարկե, վստահ եմ կհասկանաք փոխաբերաբար ասածներիս իմաստը։

Մինչև Հիսուսի Քրիստոսին ճանաչելը, սատանայի կեղտաջրերն անընդհատ հոսում էին ինձ վրա, դժոխքի կապանքներն ամուր կերպով սեղմվել էին իմ դաստակներին, ամենուրեք մահվան որոգայթներ կային, և դահճի օղակն ամուր էր կապված իմ պարանոցին։ Բայց հետո. . . հետո Աստվա՛ծ այցի եկավ ինձ։ Այո՛, այո՛, բայց հետո իմ Աստված հայտնվեց ինձ։ Նրա հայտնվելը կարծես նման էր Սուրբ Գրքի իմաստության գրքերում նկարագրվածին. . . Նրա ներկայությունից երկիրը դղրդաց, լեռները դողացին, Նրա բերանից կարծես կրակ դուրս ելավ, ամպերի որոտումներ եղան, կարկտահարություն ու հրե գնդեր ցայտեցին, օվկիանոսները բացվեցին, կայծակները զարկեցին. . .  և իմ Աստվա՛ծ եկավ։ Նա կանգնեց Երկնքի թշնամու դեմ՝ ինչպես փոթորիկ-զայրույթ, որը թափվում է… և Նա ինձ ազատագրեց մեղքից ու խավարից . . .

Նա ինձ կարծես կանգնեցրեց լայնարձակ ու բաց դաշտում։ Ես զարմացած էի և մինչև հիմա ապշած են Նրա սիրով։ Քրիստոսն ինձ նոր կյանք տվեց, նոր սկիզբ տվեց։ Նա բացեց իմ սրտի գիրքը, որպեսզի կարողանամ վերանայել Իր բոլոր փառահեղ գործերը, որոնք Նա արել էր իմ կյանքում։ Իմ կյանքի «տեքստը» նորովի  գրվեց, ես համտեսեցի Նրա բարությունը, Նրա առողջարար զորությունը և Նրա ճշմարտությունը. իմ կյանքը դարձավ Աստծու լույսը։ Եվ ամեն անգամ մտածում եմ, թե ինչպե՞ս կարող է Նա ինձ սիրել ու փոխել իմ կյանքը. . . ինչպե՞ս է հնարավոր, որ Աստված այդքան բարի լինի ինձ նման մարդու հանդեպ։

Հիսուս Քրիստոս եկավ ինձ մոտ, ես կարող էի տեսնել Նրան ճանապարհով իջնելիս, հեռվից, կարծես հեռադիտակային տեսողություն ունենայի։ Նրա փառքը հրավառ էր, Նա զորավոր տեսք ուներ, Նրա թշնամիները գերված էին, իսկ նոր եկող թշնամիները ջախջախվում էին, իսկ մեռյալներին գամել էին։ Ո՜հ ինչպիսի տեսարան էր. . . Ասում եմ ձեզ, ես տեսա, թե Հիսուսն ինչ էր անում։ Նա զարմանալիորեն այնքան քաջ էր։ Ինչպիսի՜ վստահություն։ Նրա ներկայությունն այնքան հաղթական էր ու «ճնշող», որ Նրան ատողները ոչնչացվում էին, դևերը պարտվում էին և լքում էին իրենց թաքստոցները։

Քրիստոսը նման է Ժայռի, օրհնաբեր մի Ժայռի. . . Նա Ի՛նքը ազատություն կրողն է, Նա Ի՛նքն է ազատագրողը և Նա Ի՛նք է ամեն ինչ կարգի բերում։ Հիսուս ամենուր շրջող Փառքն է, Նա աստվածային արվեստի գլուխգործոցն է։ Առանց Նրա, անհնար է հաջողակ լինել։ Կոպիտ օրինակ բերեմ. Նրա հրամանով է, որ մադամ Դեյը դասեր է անցկացնում, կամ պրոֆեսոր Նայթը դասախոսություններ է կարդում։ Նրանով է, որ չասված ճշմարտությունը խոսվում է ամենուր։

Որքա՜ն հիանալի է գիտակցել, որ Քրիստոս հիասքանչ Տերն է։ Որքա՜ն հիանալի է տեսնել, թե ինչպես են սրտերը ջերմանում Նրա հավատքով ու թե ինչպես են կյանքերը փոխվում Նրանով։ Որքա՜ն հիանալի է Հիսուս Քրիստոսի զավակը լինել ու յուրաքանչյուր օր վայելել Նրա ներկայությունը։

Աստված պահապան բոլորիս։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan.

032 Լսելը 

Մի քանի անգամ ականատես լինելով, թե ինչպես են երկու հոգի փորձում լուծել միմյանց հետ ունեցած կոնֆլիկտները, ես նկատել եմ մի կարևոր բան, որն ի դեպ հաճախակի եմ նկատել. երկուսն էլ զարմանալիորեն, ակնհայտ կերպով միմյանց լսելու պակասություն են ցուցաբերել։

Եվ միմյանց լսելու կարևոր այդ ունակությունը իրականում բոլորիս էլ անհրաժեշտ է։ Մենք, երբեմն կարծես այնքան ենք տարված ինքներս մեզնով, թե ինչ ենք ասելու և անելու, որ չենք կարողանում լսել դիմացինին։ Իրականում, հաճելի է, երբ հազվադեպ ենք հանդիպում մեկին, ով ոչ միայն լսում է մեզ, այլև կարող է ամփոփել մեր ասածը։ Գիտեք, շատ դժվար է լսել մեր դիմացինին, երբ մենք ենք միշտ  փորձում խոսել՝ միայն մերասածն ասելով։

Սուրբ Գրքում Աստված մոտավորապես 61 անգամ կոչ է անում մեզ լսել, ամբողջ էությամբ և համակ ուշադրությամբ լսել։ Ես կասեի, որ Տերը ցանկանում է, որ մենք հասկանանք լսելու արժեքը։

Ես հավատում եմ, որ աշխարհում համընդհանուր անհանգստության մակարդակի մի մասը, որը, իմ կարծիքով, շատ, շատ բարձր է, այն է, որ մարդկանց մեծ մասն իրեն լսված չի զգում, այլ խոսքերով ասած՝ միմյանց լսելու պակասություն կա։ Մարդիկ կարիք ունեն, որ իրենց լսեն։ Շատ անգամ մենք մեզ զգում ենք շատ փոքր, աննկատելի, «հաշմանդամ» դարձած և ավելորդ, տառապում ենք լքված ու մերժված լինելու ընդհանուր զգացումից։

Ես իսկապես հավատում եմ, որ մեր անհանգստության մեծ մասը կարող է իրականում նվազել, եթե մեզանից շատերը պարզապես որոշակի ջանքեր գործադրեն դիմացինին լսել սովորելու համար։ Մինչդեռ շատ հաճախ, կոնֆլիկտների մեջտեղում մենք ունենում ենք այսպիսի վերաբերմունք, մտածելով. «Ո՞վ կուզենա լսել սրանց, հատկապես, երբ նրանք այդքան սխալվում են»։ Ու սիրում ենք ամեն ինչ ասել «մեծատառերով», ընդգծված «կետադրական նշաններով» և մի փոքր չափազանց բարձր ու շեշտադրող կերպով։

Գուցե օգտակար լիներ, եթե մենք ավելի լավ հասկանայինք, թե ինչ է նշանակում լսել, թե ինչ է նշանակում «ականջը լայնացնել, խելացիորեն լսել, ականջները սրել և ուշադրություն դարձնել»։ Մենք պետք է գիտակցենք, որ լսելն ավելին է, քան պարզապես բառերն ընկալելը, այլևայլ ջանքեր գործադրելը՝ հասկանալու դիմացինին ու նրա ասածը։ Մի՛ լսեք ուղղակի միայն բառերը, այլ փորձե՛ք լսել ասված խոսքերի բուն էությունը։

Այս պահին ես մտածեցի անդրադառնալ չորս հիմնական կետերի, այն մասին, թե ինչպես և որտեղից սկսել լավ լսող դառնալը։

  1. Փորձե՛ք լսել ակտիվ կերպով։ Ուշադրությո՛ւն դարձրեք։ Եղեք «տեղում»։ Մի եղեք դիակի նման։ Ոչ ոք չի ուզում խոսել դիակի հետ, այնպես որ սովորեք անել այս երեք բաները՝ վերաձևակերպում, պարզաբանում և արձագանք։ Սրանք իսկապես կարևոր են, այնպես որ լսեք ասվածը կրկին՝ վերաձևակերպելով, պարզաբանելով և արձագանքելով։ Վերաձևակերպումն օգնում է մեզ ճիշտ հասկանալ լսածը։ Պարզաբանելը նշանակում է այնպիսի հարցեր տալ, մինչև լիովին չհասկանանք, թե ինչ նկատի ունի դիմացինը։ Արձագանքել նշանակում է մեր սեփական մտքերն ու զգացմունքները կիսել առանց բացասաբար քննադատելու… Եվ այստեղ ուզում եմ շեշտել, որ շատ սխալ է վերջում էլ ասել «դու այնքան հիմար ես» և դեռ հույս ունենալ դրական արդյունքի։ Այո, գիտեմ, գուցե ճիշտ է, որ դիմացինը հիմար բաներ է արել կամ ասում, բայց ուղղակի անհրաժեշտ չէ այդպես ասելը։ Այսինքն, եթե դուք իսկապես ուզում եք լուծել կոնֆլիկտները, ապա նախ և առաջ պետք է քննեք նաև ձեր սրտերը։
  2. Փորձե՛ք լսել կարեկցանքով, սրտացավորեն: Փորձե՛ք պատկերացնել ձեզ դիմացինի տեղում, վիճակում… Կարևոր է, որ հասկանաք ձեր դիմացինի խնդիրը՝ առանց նրան խորացնելու իր խնդիրների մեջ: Հասկացա՞ք սա: Դուք ևս չպետք է փորձեք խորանալ նրանց խնդիրների մեջ, փորփրել հետաքրքրքասիրությունից ելնելով։ Ձեզ կարող է նույնիսկ դուր չգալ ասվածը, բայց հաճախ, լսելիս, փորձե՛ք հասկանալ, թե ինչ կանեիք, եթե դուք էլ նրանց տեղում լինեիք։ Եվ վստահաբար, եթե ձեզ դնեք նրանց տեղում, ապա դուք նույնպես կարող էիք նույնը զգալ: Հռոմեացիներին ուղղված նամակի 12.15-ում ասվում է. «Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք»: Հիշե՛ք, որ սա չի նշանակում, որ մենք համաձայնվում ենք ամեն ինչի հետ, այլ որ մենք դրանով կարեկից ենք լինում մարդուն ու սրատացավորեն ենք արձագանքում։ Հիշենք նաև, որ մեր Տեր Աստված լսում, կարեկցում օգնում է մեզ՝ մեր ամեն իրավիճակներում, բայց դա չի նշանակում, որ Նա մեր ամեն արածի, իրավիճակի, ասած խոսքերի ու ապրած կյանքի հետ համաձայն է։
  3. Փորձե՛ք լսելիս բաց լինել: Կիսատ-պռատ լսելը, պաշտպանողական կերպով լսելը և «ֆիլտրացված» լսելը բաց լսել չէ: Լսե՛ք այնպես, կարծես դուք մարդաբան եք, իսկ անձը՝ այլ մոլորակից. պատկերացրեք, որ նրանց սովորույթները, համոզմունքներն ու մտածելակերպը տարբերվում են ձերից, և դուք փորձում եք հասկանալ նրանց: Կրկին ասեմ, որ մենք ոչ մի դեպքում պարտավոր չենք համաձայնվել մարդկանց տեսակետների հետ, բայց մենք, անշուշտ, կարող ենք լսել նրանց խնդիրների, իրավիճակների, ապրելակերպի մասին՝ առանց խրախուսելու նրանց սխալ ընթացքը:
  4. Փորձե՛ք լսել ամբողջական պատկերը հասկանալու համար։ Արդյո՞ք նրանց ասածը համապատասխանում է փաստերին։ Այսինքն, մենք՝ որպես լսողներ, պետք է մեր «տնային աշխատանքը» կատարած լինենք՝ գոնե փաստերի մասին պատկերացում կազմելու և մտածելու համար… միայն այն պատճառով, որ դուք ունեք փաստեր, արդյո՞ք դա ճշմարտությունն է։ Փաստերը միշտ չէ, որ ամբողջական պատկերն են արտացոլում։ Եթե դուք ակտիվ կերպով, կարեկցանքով ու սրատացավորեն և բաց կերպով լսել եք, բայց դեռևս չեք հասկանում նրանց տեսակետները, ապա պարտավոր չեք այսպես ասած «հարձակվել» դիմացինի վրա։ Փորձե՛ք «հետապնդել» խնդիրը, այլ ոչ թե անձին։ Շատ կարևոր է գիտակցել, որ անձին ծաղրելը, նվաստացնելը և դիտավորյալ սադրելը երբեք չեն ​​լուծում կոնֆլիկտները, այլ ավելի են խորացնում դրանք… այդ գործողությունները ոչինչ չեն բերում, դրանք պարզապես այնպիսի տպավորություն են ստեղծում ձեր մասին, որ կարծես դուք միայն ուզում եք ինքներդ հաղթել և ձեզ չի էլ հետաքրքրում, թե որն էր ճշմարտությունը։ Պարզապես հանգիստ շունչ քաշեք, հանգստացեք, սպասեք և հավաքեք ավելի շատ տեղեկություններ։

Հաջողակ լսողը ավելի շատ անձին ներգրավող է լինում, այլ ոչ թե վրդովեցնող ու վանող։ Դիմացինին կտրուկ մերժելու փոխարեն, հնարավոր է հարցնեք. «Կարո՞ղ եք ինձ մի փոքր ավելին պատմել» կամ «Կարո՞ղ եք ինձ կոնկրետ օրինակ բերել»։ Կամ կարող եք ասել. «Շնորհակալություն, որ ինձ հայտնեցիք Ձեր տեսակետը։ Ես կմտածեմ այդ մասին»։ Կամ՝ «Հետաքրքիր է, ես դա այդ լույսի ներքո չէի դիտարկել»։

Աստված լսում է մեզ և ուշի ուշով, սրտացավորեն, կարեկցանքով, սիրով է լսում, և թույլ է տալիս, որ մենք «վարժեցնենք» մեր անձերը՝ Տիրոջ նման լինելու համար։ Լսելու արվեստը քրիստոսանման հմտություն է, որը մենք պետք է զարգացնենք։ Շատերն են լսում, բայց քչերն են իսկապես լսում, և դա հնարավոր է փոխել՝ Տիրոջ Սուրբ Հոգու օգնությամբ։

Աստված պահապան բոլորիդ։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan)

031 Ներքին ազատություն

«17 Նրանց սո՛ւրբ արա Քո ճշմարտությամբ. Քո խոսքը ճշմարտություն է։ 18 Ինչպես Դու Ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ 19 Եվ Ես նրանց համար Իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությամբ սրբված լինեն» (Հովհաննես 17.17-19)։

Քանի դեռ հավատացյալներն ապրում են աշխարհում, նրանք ինչ որ ձևով այս աշխարհի հոսանքին հակառակ են ընթանալու։ Եվ դա անխուսափելի է։ Մենք ունենալու ենք ճնշումների, դժվարությունների, խնդիրների, մեղք գործելու հնարավորությունների, գայթակղությունների և պայքարի փորձառություն։ Բայց այս բոլոր բաներում, քանի որ Հիսուս հաղթեց այս աշխարհին և Նա հավատքով ապրում է մեր մեջ, մենք նույնպես հաղթողներ ենք, ինչպես որ Նա է հաղթող։ Եթե Հիսուս չհաղթեր աշխարհին, մենք էլ չէինք հաղթի աշխարհին։ Քանի որ Նա հաղթեց, մենք նույնպես կարող ենք հաղթել և դա միշտ այդպես է։ Քանի որ Հիսուս դա արեց, մենք էլ դա անում ենք և կարող ենք։ Քանի որ Հիսուս ծնկի իջավ (Ղուկաս 22.41), մենք էլ կարող ենք ծնկի իջնել արդարությամբ։

Հովհաննես 14.18-ում Հիսուս ասաց. «Ձեզ որբ չե՛մ թողնի. կգամ ձեզ մոտ»։ Սա նշանակում է, որ Աստված թույլ չի տա, որ սա պատահի մեզ հետ, Նա թույլ չի տա, որ մենք որբ մնանք։ Եվ եթե Աստված ասել է, որ Նա ինչ-որ բան թույլ չի տա, մենք պետք է վստահենք Նրան, քանի որ Նա լուրջ է վերաբերվում Իր ասածին։ Աստված չի կատակում։ Հիսուս ուղիղ խոսող էր և անորոշություն չկար Նրա մեջ, Նրա խոսելակերպի և գործելակերպի մեջ։ Եվ սա նաև լավ սեփական «սահմաններն» ունենալու օրինակ է։ Քանի որ Հիսուսն ուներ իր իս սեփական ու լավ «սահմանները», մենք էլ կարող ենք ունենալ լավ «սահմաններ»։

Քանի որ Հիսուս մերժեց աշխարհն իր բոլոր գրավչություններով, բամբասանքներով, տրտունջներով, դատաստաններով, դատապարտումներով և կրքերով, մենք նույնպես կարող ենք մերժել աշխարհի մուտքը մեր կյանքի մեջ։ Հիսուսը մեզ համար առաջնահերթություն սահմանեց՝ մինչև վերջ, անխափան կերպով։ Քանի որ Հիսուս սիրեց մեզ, մենք էլ ունակ ենք սիրել Նրան։ Քանի որ Հիսուս ազատ էր, մենք նույնպես կարող ենք ազատ լինել։ Ոչ ոք չպե՛տք է մնա վատ բնավորության և մահվան ստրուկը։

Ահա շատ լավ քննարկման թեմա. կարծում եք Աստված թո՞ւյլ կտա Երկինք մտնել նրանց, ովքեր չեն սիրում Իրեն: Արդյո՞ք իրականում մենք սիրում ենք Հիսուսին։ Եվ իսկապես ցանկանո՞ւմ ենք ունենալ Նրան մեր կյանքում. Նրան, ով մահացավ և հարություն առավ մեզ համար: Ի՞նչ է ասում մեր խիղճը: Միայն խնդրում եմ, որ պատասխանը լինի մաքուր ճշմարտությունը:

Հաճախ հավատացյալները շոկ են ապրում, երբ իմանում են, որ ինչ որ նշանավոր քրիստոնյա կամ հայտնի հոգևոր ծառայող ընկել է որևէ մեղքի մեջ։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր «գիտեն» Ճշմարտությունը, կարող են անպարկեշտ վիճակներում հայտնվել, եթե թույլ չեն տվել, որ Աստծու սերն արմատ գցի իրենց կյանքում և նման մարդիկ արդեն կորցրել են Հիսուսի հանդեպ իրենց «ախորժակը»։ Եվ եթե մենք զգուշություն չանենք մեր անձերին, կարող ենք խեղաթյուրել ճշմարտությունը և թույլ չտալ, որ Աստծու էությունն ու ճշմարտությունը թափանցեն մեր էության խորքերըը։ Մենք երբեմն կարող ենք ունենալ Խոսքի «գլխում եղող» գիտելիքը և ոչ թե՝ «սրտում եղող» գիտելիքը։

Սրբացումն այն է, երբ Աստծու մաքրագործող ճշմարտության «բոցավառ» իրականությունը թույլ ենք տալիս մտնի մեր կյանքի յուրաքանչյուր «սենյակ և բաժին»։ Այլ կերպ ասած, մենք չենք ունենում որևէ «գաղտնի սենյակ», որը փակել ենք Տիրոջ առաջ։ Եվ ի վերջո, չպետք է մտածենք, որ Տերը չի տեսնում, քանի որ Աստծու աչքերն ամեն ինչ տեսնում են։ Աստծու աչքերից ոչինչ չի վրիպոմ։ Մենք պիտի գիտակցենք, որ Արքան, որին մենք ծառայում ենք մասամբ կույր չէ կամ այնպիսի մեկը, ով աչքերի խնդիր ունի և աղոտ է տեսնում։ Մեր Աստված ամեն ինչ տեսնում է, այնպես որ բացե՛ք ձեր «դռները», ասե՛ք Նրան, թե իրականում ինչ կա ձեր մտքում։ Տվե՛ք Տեր Հիսուսին դժվար հարցերը և վստա՛հ եղեք, որ Նրան դուր է գալիս, երբ մենք անկեղծ ու բաց ենք Իր առաջ։ Բայց երբ լռում ենք՝ կասկածների մեջ ու չենք բացվում Տիրոջ առաջ, երբեք էլ պատասխան չենք ստանում։ Երբեմն պետք է արտահայտվել, խոսել Տիրոջ հետ բարձրաձայն… քանզի մեր ականջները երբեմն պետք է լսեն, թե ինչ են ասում մեր բերանները, այնպես որ խոսեք… Աստծու ականջները բաց են։ Քանի որ Հիսուս հաղթեց և հաղթողն է, մենք նույնպես կարող ենք հաղթողներ լինել։ Իրականում, ըստ Աստծու Խոսքի, մենք ավելին ենք, քան հաղթողներ։ Մենք պարզապես պետք է Տիրոջ տված հաղթանակը սկսենք կիրառել։

Հաճախ ներքին ազատությունն ընդամենը Աստծու հետ սրտանց, բայց, անկեղծ զրույցն է։ Պարզապես զրուցի՛ր Հիսուսի հետ, պատմի՛ր Նրան քո բոլոր դժվարությունների մասին։ Վստահ եղի՛ր, որ Նա կլսի նույնիսկ ներսիցդ եկող թույլ ճիչը և ճիշտ ժամանակին անպայման կպատասխանի։

Երբ սկսես ուղղակի զրուցել Տիրոջ հետ, դու կզգաս, թե ինչպես է «պտտվում աղոթքի անիվն» ու կիմանաս, որ մի փոքր «կրակ է վառվում» արդեն։

Հիշի՛ր, որ նույնիսկ փոքրիկ զրույցը Տեր Հիսուսի հետ կլուծի ցանկացած խնդիրը։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 27.10.2025)

030 Ստրկություն։ Սպիտակ բադի պատմությունը

Իմ զարթուցիչը դրված էր առավոտյան 6:30-ին։ Այդ գիշերը ես պարբերաբար զարթնել էի, բայց առավոտյան 6:30-ին շատ խորը քնած էի։ Հետաքրքիր է, որ այդ պահին, ինչպես միշտ, պիտի լսեի զարթուցիչի հերթական «ազդակը», բայց այդ այդ օրը զարթուցիչի «ազդակի» փոխարեն լսեցի, թե ինչպես մի տղամարդ սկսեց խոսել ռադիոյով։ Նա մի պատմություն էր պատմում և կարծես թե ամեն ինչ նախապես ձայնագրված լիներ և առավոտյան ուղիղ 6:30-ին արդեն միացված էր։

Հենց առավոտյան ուղիղ 6:30-ին լսեցի, թե ինչպես այդ տղամարդն սկսեց խոսել՝ ասելով.

«Քաղաքում մի երիտասարդ ընտանիք էր ապրում։ Նրանք ունեին մի փոքրիկ տղա և մի փոքրիկ աղջիկ։ Մի օր, մայրն ասաց երեխաներին. «Սիրելիներս, ես ու հայրիկը միասին պետք է տեղ գնանք։ Եվ ձեզ մի քանի օրորվ թողնելու ենք տատիկի և պապիկի մոտ՝ ագարակում»։ Իհարկե, երեխաներն ուղղակի հիացած էին մայրիկի ասածից և կարծում էին, որ դա շատ հրաշալի էր. . . չէ՞ որ ագարակում միշտ էլ արկածներ էին լինում։

Այսպիսով երեխաները մնացին պապիկի և տատիկի մոտ՝ ագարակում։ Նրանք հանգիստ քնեցին առաջին օրը և առավոտյան վաղ արթնացան։ Աղջնակը գնաց տատիկի հետ, իսկ փոքրիկ տղան՝ պապիկի։ Առաջին բանը, որ պապիկն արեց, փոքրիկ տղային իր արհեստանոց տանելն էր, որտեղ նա պիտի պատրաստեր հնաոճ, հետաքրքիր մի պարսատիք։ Պապիկը պարսատիքի համար օգտագործեց ծառի եղանաձև ճյուղի կտորը, մեծ ռետինը մի քանի շերտերով կտրեց իր հին հատուկ դանակով և մի փոքրիկ կտոր՝ կաշվե հին կոշիկներից։ Տղան զարմացած էր, որ իր պապիկն այդքան հնարամիտ էր և հարուստ երևակայություն ուներ։ Նա անհամբեր սպասում էր, թե երբ են վերջապես փորձարկելու պապիկի սարքած պարսատիքը։

Այդ առավոտ տղան շրջեց ամբողջ ագարակում՝ փորձելով գտնել անհրաժեշտ չափի քարեր։ Նա նշան էր բռնում աչքին տեսած ամեն ինչի վրա։ Բայց, ցավոք, նա բացարձակապես ոչնչի չկարողացավ դիպչել այդ քարերով և զարմացավ՝ հիշելով Դավիթ թագավորին և նրա պարսատիքի կարողությունների մասին։

Երբ ճաշի ժամը մոտեցավ, տատիկը կանչեց երեխաներին ներս գալ և հաց ուտել։ Եվ երբ տղան մոտեցավ ագարակի հին տան հետևի դռանը, դռան մոտ կանգնած էր տատիկի սիրելի սպիտակ բադը։ Նա մտածեց, քանի որ առավոտից իր պարսատիքով ոչ մի բանի չէր կարողացել հարվածել, ահա և հաջողություն նշանառության համար՝ բադը։ Երբ նա ձգեց պարսատիքն ու բաց թողեց քարը, նկատեց, թե ինչպես քարը նետի պես ուղիղ գնաց բադի վրա և սպանեց նրան։ Բադը նույնիսկ չցնցվեց։ Պարզապես սատկեց։ Անմիջապես։ Փոքրիկ տղան խուճապի մատնվեց, արագ բռնեց բադին և վազեց դեպի փայտերի կույտի հետևը։ Նա լաց էր լինում և տերևներ էր դիզում սատկած բադի վրա՝ փորձելով ծածկել իր կատարած սարսափելի արարքը։ Նա զգաց իրեն նայող մեկի ճնշումը, շրջվեց և տեսավ քրոջը, ով նրան էր նայում փոքրիկ, ինքնագոհ ժպիտով։ Տղան ասաց. «Ո՜հ, խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ, մի՛ ասա տատիկին։ Ես ամեն ինչ կանեմ, բայց խնդրում եմ, մի՛ ասա տատիկին»։ Քույրը հասկացավ, թե որքան կարևոր մեկն էր ինքն այդ պահին և ինքնագոհ համաձայնվեց։

Երբ քույր ու եղբայր ներս մտան ճաշելու, տատիկը հարցրեց փոքրիկ աղջկան. «Սիրունիկս, կօգնե՞ս սեղանը դնենք»։ Աղջիկն ասաց. «Դե, գիտես տատիկ, կարծում եմ, որ Բոբբին ավելի շատ կուզենար քեզ օգնել սեղանը դնել»։ Տղան անմիջապես ոգևորությամբ համաձայնվեց և շտապեց օգնել ճաշի սեղանը դնելու հարցում։ Ճաշից հետո տատիկը հարցրեց քրոջը. «Աղջիկս, կօգնե՞ս հավաքել ճաշի սեղանը և ափսենները լվանալ»։ Աղջիկն ասաց. «Տատիկ, կարծում եմ, որ Բոբբին ավելի շատ ավելի կնախընտրեր դա անել, քան դուրս գալ և խաղալ»։ Եվ կրկին, տղան համաձայնվեց և ցատկեց օգնելու տատիկին։ Այսպես շարունակվեց մինչև ընթրիք և քնելու ժամը։

Առավոտյան տատիկը կանչեց երեխաներին նախաճաշի։ Երբ նրանք ներս եկան խոհանոց, զգացին եփվող սուրճի և տապակվող բեկոնի բույրը, որն այնքան շատ ախորժելի էր նրանց համար։ Տատիկը հարցրեց աղջկան. «Սիրելիս, կօգնե՞ս նախաճաշի սեղանը դնենք»։ Եվ, իհարկե, այս անգամ էլ աղջիկն ասաց. «Ո՜հ, տատիկ, ես վստահ եմ, որ Բոբբին ավելի շուտ կօգներ քեզ, քան ես»։ Բայց այս անգամ տղան, որն արդեն հոգնել էր իր գաղտնիքի «բեռից», դառնորեն լաց եղավ և ասաց. «Տատի՜կ, տատի՜կ, ես շատ-շատ մեղավոր եմ, ես ներողություն եմ խնդրում։ Երեկ ես պապիկի պատրաստած պարսատիքով փորձեցի մի բան անել ու չստացվեց, ոչնչի չդիպչեց։ Երբ դու մեզ կանչեցիր ճաշի, ես տեսա քո սիրելի սպիտակ բադին հետևի դռան մոտ։ Ես այնքան վստահ էի, որ մի բան կստացվեր, որովհետև բադն այնքան մոտ էր, որ ես պարսատիքով նշան բռնեցի բադին ու սպանեցի նրան։ Շատ եմ ներողություն խնդրում, տատի՜կ։ Շատ եմ ներողություն խնդրում, որ սպանեցի քո սիրելի բադին, ես չէի ուզում դա անել»։

Տատիկը մոտեցավ փոքրիկ տղային, գրկեց նրան, դեմքն առավ իր երկու ձեռքերի մեջ, նայեց նրան բարի, իմաստուն աչքերով և ասաց. «Իմ տղա՜, ո՜հ մի լացիր… ես ամեն ինչ գիտեմ, տեսել եմ։ Երեկ ես կանգնած էի խոհանոցի պատուհանի մոտ։ Եվ տեսա, թե դու ինչ արեցիր և ներեցի քեզ հենց այն պահին, երբ դա տեղի ունեցավ։ Ես միայն մտածում էի, թե որքան ժամանակ դու թույլ կտաս քրոջդ քեզ դարձնել այդ արած սխալիդ ստրուկը»։

Աստված գիտի ամեն բան։ Նա տեսնում է ինձ։ Մի՛շտ։ Ոչինչ չկա իմ մեջ, որ Աստված չտեսնի։ Ոչի՛նչ։ Չկա այնպիսի բան, որ իմ աչքերը տեսնում են և Աստծու աչքերը չկարողանան տեսնել։ Եվ անհնար է թաքցնել ինչ որ բան Աստծուց։ Անհնար է, որ ես ինչ որ բան կարողանամ թաքուն պահել Աստծուց։ Նրա առաջ ես ամբողջովին բաց եմ։ Տերը նույնիսկ գիտի, թե ինչի մասին եմ մտածում։ Նա գիտի ամեն բան։

Տերը մի անգամ ինձ հարց տվեց. «Գիտես, այն բաները, որ անում ես ծածուկ տեղը և կարծո՞ւմ ես, թե ոչ ոք չի տեսնում։ Այո՛, նույնիսկ ամենածածուկ բաները։ Ու երբ ծածուկ տեղը ինչ որ բան ես անում, ինչ որ մեղքեր ես գործում, արդյո՞ք հավատում ես , որ Ես ամեն ինչ տեսնում եմ, թե՞ անում ես, որովհետև քեզ համար միևնույն է, կտեսնեմ Ես, թե՝ ոչ»։

Իսկ այս ամենի տակ անհավատությո՞ւնն է թաքնված, թե՞ ապստամբությունը։ Հավանաբար երկուսն էլ միասին։ Ինձ այս հարցը դուր չի գալիս։ Դժվար հարց է, բայց միայն այն պատճառով, որ ինձ դուր չի գալիս։

Ես չէի ուզում պատասխանել, քանի որ իմ բոլոր պատասխանները լավը չէին… է՜հ, է՜հ։ Այսպիսով, մինչ ես փորձում էի չպատասխանել այն հարցին, որին պետք է պատասխանվեր, ըստ էության, պատասխանն արդեն կար՝ իմ պատասխանի բացակայության պատճառո։

Աստված ինձ մեկ այլ հարց տվեց. «Եթե Ես արդեն ներել եմ քեզ, ապա դեն նետիր քո մեղքերն այնքան հեռու, որքան արևելքն է արևմուտքից։ Ես այլևս չեմ հիշում դրանք։ Ո՞վ է, որ անընդհատ հիշեցնում է քեզ քո բոլոր վատ արարքների ու մեղքերի մասին։ Եվ որքա՞ն ժամանակ դու թույլ կտաս, որ նա շարունակի քեզ դրանց ստրուկ դարձնել»։

Այսօր ես ձեզ նույն հարցն եմ տալիս. եթե Աստված ներել է ձեզ, ո՞վ է, որ ձեզ անընդհատ հիշեցնում ձեր արած բոլոր վատ բաների և մեղքերի մասին։ Եվ որքա՞ն ժամանակ դուք թույլ կտաք, որ ինքներդ լինեք դրանց ստրուկը։

 

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 26.09.2025)

029 Լինենք իսկական

Լինենք այնպիսին, ինչպիսին կանք՝ իսկական, վստահելի, անկեղծ և ճիշտ։

«Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը» (Տիտոսին 2.1)։

Սուրբ Գրքի անգլերեն տարբերակներից մեկում այս հատվածն այսպիսի միտք ունի. «Բայց դու սովորեցրու այն, ինչ պատշաճ է և վայել՝ ողջամիտ վարդապետությամբ, ունենալով այն վարքը և ճիշտ ապրելակերպը, որը բնորոշում է ճշմարիտ հավատացյալներին»։

Պողոս առաքյալը հանձնարարեց Տիտոսին ուսուցանել բարի, ողջամիտ վարդապետությունը և մարդկանց սովորեցնել ճիշտ ապրել՝ համաձայն Աստծու Խոսքի, որպեսզի այդ կերպով տարբերվեին Աստծուն չճանաչող մարդկանցից՝ որպես Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներ։

Այսօրվա եկեղեցու ամենամեծ կարիքներից մեկն արժանահավատությունն է՝ վստահություն ներշնչելու ունակությունը։ Մենք, որպես հավատացյալներ, աշխարհում ավելի հաճախ հայտնի ենք նրանով, թե ինչին ենք դեմ, և ոչ թե՝ ինչի կողմնակից ենք։

Հիշում եմ մի անգամ գնացել էի քաղաքի կենտրոն և փորձեցի մի փոքրիկ հարցում անցկացնել երիտասարդների մեջ։ Հավատացեք ես շոկ ապրեցի նրանց արձագանքից։ Պարզվեց, որ նրանցից շատերն այսօրվա եկեղեցին ընկալում էին որպես խաբեբա, զրպարտող, ստախոս, մանիպուլյատոր, շնացող և լիքը նման այլ ապրելակերբ ունեցող մարդկանց մի հավաքածու։ Այո՛, այո՛, նրանք հենց այսպիսի բառերով բնութագրեցին եկեղեցու հավատացյալներին։ Իսկապես որ այնքան ցավալի է։

Արդյո՞ք մենք ապրում ենք՝ զուտ կատարելով ինչ որ «հոգևոր» կրոնական «օրենքներ», թե՞ իսկապես ապրում ենք «երկրի վրա, ինչպես որ երկնքում է»։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրի ապրել այնպիսի մի ապրելակերպով, որը արտացոլում է Հիսուս Քրիստոսի բնավորությունն ու կենսակերպը։

Մենք պետք է ուշադիր լինենք մեր ապրելակերպին։ Երբ օրինակ, մենք մեր մեքենայի ինչ որ հատվածի վրա կպցնում ենք քրիստոնեական նշաններով կամ գրվածքներով պիտակներ, կրում ենք խաչով զարդեր կամ սուրբգրային համարներով շապիկներ, կարող ենք վստահ լինել, որ մարդիկ ուշադիր են այս ամենին։ Նրանք հետևում են մեր ապրելակերպին… նրանք փորձում են մեր մեջ փնտրել իսկական մի բան։

Մենք պե՛տք է մեր ապրած կյանքով լինենք Աստծու ժողովուրդ և ոչ թե պարզապես նման լինենք Աստծու ժողովրդին։ Մենք պե՛տք է արտացոլենք Հիսուս Քրիստոսին և լինենք այն մարդիկ, որոնց կարիքն աշխարհն այդքան շատ ունի և ցանկանում է տեսնել, որ իրոք մենք Աստծու հաճելի կյանքով ապրող մարդիկ ենք։

Եկե՛ք ապրենք այնպիսի մի կյանքով, որը «գեղեցիկ» կդարձնի հավատքի վարդապետությունը։ Ոչ թե ապրենք «կաննոներ պահպանելու» համար, այլ լինենք այնպիսի մարդիկ, ինչպիսին որ Աստված է ուզում, որ լինենք։ Գուցե մենք պետք է խորությամբ ուսումնասիրենք Աստծու Խոսքը՝ իմանալու համար, թե ինչպիսին է Աստված և ինչ է կամենում մեր կյանքում տեսնել։ Ապա դրանից հետո ուրվագծենք մեր կյանքում փոփոխություններ կատարելու մի այնպիսի ուղի, որը կարտացոլի Աստծու այդ ճառագող բարությունը։

Նախքան որ ուրիշները կսկսեն հավատալ հավատքի վերաբերյալ մեր պնդումներին և կսկսեն մեզ լուրջ ընդունել, պիտի գիտակցենք, որ մեզանից ժամանակ կպահանջվի՝ իսկական և «թափանցիկ» լինելու համար։ Ճիշտ և բավարար չէ, երբ հավատացյալները շրջում են այս ու այն կողմ՝ Աստվածաշնչից մեջբերումներ անելով զուտ, ինչպես նաև գովազդելով իրենց հավատքը։ Մեզ շրջապատող մարդիկ  ցանկանում են մեր կյանքում տեսնել այնպիսի «պտուղներ»  և արդյունքներ, որոնք համապատասխանում են հավատքի առումով մեր պնդումներին։

Սուրբ Գրքում մի գեղեցիկ պատկեր է տրված Տիտոս 2.1-ում։ Իհարկե մի քանի տեսանկյուններից կարելի է նայել այս հատվածին։ Բայց օրինակ ես այսպիսի մի պատկեր եմ տեսնում՝ այն կարծես Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր հավատացյալի պարանոցից կախված դափնեպսակի պատկերն է։ Այդ դափնեպսակը կարող է խորհրդանշել շատ բաներ, բայց այս քննարկման համար եկեք այն անվանենք առողջ ուսմունք՝ ողջամիտ վարդապետություն։

Դափնեպասակը կարող է լինել զուտ մի պսակ կամ թագ։ Բայց այն նաև կարող է լինել գեղեցիկ մի զարդարանք՝ պատուհանի շուրջը, որտեղից բացվում է տեսարան։ Յուրաքանչյուր հավատացյալ նման է պատուհանի, որտեղից բացվում է «տեսարան», և հոգևոր պտուղները, սրբությունը և աստվածապաշտությունը, զարդարում են այդ պատուհանը՝ ինչպես շնորհքի մի ծաղկեպսակ։ Այդ դափնեպսակը յուրաքանչյուր հավատացյալի համար է նախատեսված։

Հոգևոր կյանքը նման է նաև խաղի և այդ խաղում չկան կողմնակի նստարաններ անգործունակ խաղացողների համար։ Բոլորս խաղադաշտում ենք, նույնիսկ եթե դու կարծում ես, որ այդպիսին չես, փորձի՛ր լսել Տիրոջը… դու այդպիսին ես։ Իսկ ինչպիսի՞ն է քո դափնեպսակը։

Ի՞նչ օգուտ ունի, երբ օրինակ ավտոմեքենայիդ վրա փակցրած լինես «Հիսուսը սիրում է քեզ» պիտակը, բայց ճանապարհին արագությունը չարաշահես ու խախտումներ անես։ Կամ գործընկերներիդ ներկայությամբ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերես։ Կամ նույնիսկ, երբ մարդկանցից թաքուն վատ արարքներ և Աստծուն անհաճո ապրելակերպ ունենաս։

Մեր վերաբերմունքը «վարակիչ» է, ուստի ինձ թվում է, արժե, որ ինքներս մեզ մի քանի լավ հարցեր տանք։ Օրինակ այսպիսի հարցեր. ի՞նչ են մարդիկ սովորում կամ ստանում մեզանից և ո՞ւմ կյանքն ենք արտացոլում, երբ դրսևորում ենք նման վերաբերմունք։

Աստվածաշունչը մեր հիմնական և հիմնարար հիմքն է՝ մեր վարքագծի, բնավորության և խոսելակերպի առումով։ Ա Տիմոթեոսին 3.15-ն ասում է.  «Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու Եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության»։

Ինչպիսին որ մենք լինում ենք տան մեջ, այնպիսին էլ պիտի լինենք տանից դուրս։ Եվ թող մեր խիղճն ու բնավորությունը «համաձայնության մեջ» լինեն մեկը մյուսի հետ՝ որպես մեկ ամբողջություն։

Աստծու սիրո կոպիտ թյուրըմբռնում է, երբ մենք «կիրակի օրը գնում ենք դրախտ», իսկ շաբաթվա մնացած օրերին «ապրում ենք դժոխքի պես»։ Քո կարծիքով, ինչպիսի՞ն կլիներ, եթե դու լինեիր այնպիսի մի մարդ, ով սուրբ և աստվածավախ է իր վարքագծով։

Պատկերացնո՞ւմ ես օրինակ քեզ՝ փայլուն հագուսներով քայլելիս, կրեիր երկար զգեստներ, վարվեիր բարեպաշտորեն և միշտ վեր նայելով։ Կամ էլ գուցե պարզապես լինեիր սովորական մի մարդ, ով պարզապես ազնիվ է և իսկական։ Ո՞ր մեկը կուզեիր։

«Սրբություն» բառի համար օգտագործվող եբրայերեն բառը ունի նաև «առանձնացված» կամ «հատուկ նպատակի համար նախատեսված լինել» իմաստները։ Եկե՛ք չաղավաղենք այն, ինչ Աստված է նախագծում։

Մեզ բոլորիս ես խրախուսում եմ վերանայել մեր կյանքը և համոզված լինել, որ մեր ապրելակերպը, որքան հնարավոր է, ներկայացնում է Տիրոջը և այն, ինչին մենք ասում ենք, որ հավատում ենք։

Եկե՛ք լինենք իսկական։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan.

026 Ի՞նչ անել սուզվող նավի վրա

Ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել, երբ խորտակվող նավի վրա ես՝ փոթորկի ժամանակ։ Ահա իմաստուն մի խորհուրդ. եթե չես կարող փոթորկից դուրս գալ Հիսուսի հետ, ապա եղի՛ր փոթորկի մեջ Հիսուսի հետ։

Ահա թե ինչ ենք կարդում Մարկոս 4.35-37 հատվածում. «Եվ այն օրը, երբ որ երեկո էր լինում, նրանց ասաց. “Եկե՛ք անցնենք այն կողմը”։ Եվ ժողովրդին թողեցին և Նրան իրենց հետ նավով առան, ինչպես նաև՝ մյուս նավակները, որ Նրա հետ էին։ Եվ քամու մեծ փոթորիկ էր լինում, և ալիքները թափվում էին նավի մեջ, մինչև որ համարյա արդեն լցվում էր»։

Վստահ եմ, որ աշակերտները ոգևորությամբ ուզում էին տեսնել, թե ինչ է պատահելու «այն՝ մյուս կողմում»։ Այն, ինչ հավանաբար նրանք չէին ակնկալում,  կատաղի փոթորիկն էր։ Երբ նրանք արդեն հասել էին լճի մեջտեղը, անկեղծ ասած, ես  կասկածում եմ, որ աշակերտները նույնքան ոգևորված էին «մյուս կողմից», որքան որ սկզբում էր։ Որքան նրանք մոտենում էին իրենց նպատակակետին, այնքան ավելի էին վատթարանում քամին և ալիքները։

Աստված հաճախ մեզ կանչում է, որպեսզի ճամփորդենք դեպի նոր նպատակակետ։ Եվ հետաքրքիրն այն է, որ Նա հազվադեպ է մեզ տալիս ամբողջական այդ «ճամփորդության» մանրամասն ծրագիրը։ Մենք հաճախ լքում ենք մեր ապահովության վայրերը և ուղևորվում ենք դեպի «մյուս կողմը»։ Մեզանից շատերը նույնիսկ չունեն պատկերացում այն մասին, թե ուր ենք գնում։

Մեզանից շատերը չեն վայելում մեր «ճամփորդության» ընթացքում գտնվող վայրերը։ Հաճախ հենց այդ «ճամփորդության» մեջտեղում ենք դեմ առ դեմ հանդիպում մեր փոթորիկներին, փորձության վայրերին, դժվարություններին ու մարտահրավերներին։

Մարկոս 4.37-ում Հիսուսի աշակերտներին հանդիպած փոթորիկը գարնանային մի սովորական քամի չէր, այն ավելի ահռելի փոթորիկ՝ հողմամրրիկ էր։ Շատ կարևոր է նաև իմանալ, որ Քրիստոսի աշակերտները ձկնորսներ էին, նրանք իրենց կյանքն անցկացրել էին ջրերի վրա և սովորական քամուց կամ փոթորկից տատանվող ու վախեցողներ չէին։ Բայց սա սովորական փոթորիկ չէր։ Քամին ուղղակի սուլում էր, ուժգնորեն փչում և ջուրը լցնում էր նավակի մեջ։ Զարմանալին այն է, որ այս փոթորկի ուժգնանալուն զուգընթաց, Հիսուս հանգիստ քնած էր նավի հետևի մասում (Մարկոս 4.38):

Դու երբևէ նման զգացողություն ունեցե՞լ ես, երբ քո կյանքում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ հայտվում ես սարսափելի հանգամանքների և մարտահրավերների մեջտեղում։ Երբ դու վստահ ես, որ քո նավակը խորտակվում է, և այդ իրավիճակում թվում է, թե Աստված քնած է։ Դու նույնիսկ սկսում ես աղաղակել Նրան, կանչել օգնության և նույնիսկ երբեմն ցանկանում ես կռիվ անել Նրա հետ՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար միևնո՞ւյն է, որ ես այստեղ կորչում եմ»։

Նման իրավիճակներում հավանաբար այնքան է եղել, որ դու ժամանակ ես անցկացրել Նրա հետ՝ փորձելով զգալ Նրա ներկայությունը։ Սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Հավանաբար դու շատ ես աղոթել, ծոմ ես պահել, ընկել ես գետնին՝ աղաղակելով և լաց լինելով՝ օգտագործելով անձեռոցիկների մի ամբողջ տուփ։ Սակայն ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Եվ նման իրավիճակներում դու միշտ պատասխան ես փնտրել, բայց անկախ նրանից, թե որքան ես պայքարել քամու և ալիքների դեմ, փոթորիկը շարունակվել է, և դու չես էլ իմացել, թե ինչ անել։ Ոմանք այս իրավիճակներն անվանում են «հոգու ամենամութ գիշեր»։

Այսպիսի պահերին, երբ թվում է, թե մեր նավակը խորտակվում է, և մենք արդեն հայտնվել ենք անելանելի իրավիճակների կենտրոնում, ուրեմն հավատքի դրսևորման ժամանակն է։ Երբեմն այս ամենն ասելը հեշտ է, բայց նման իրավիճակներում շատ կարևոր է խորապես խորհել, թե այդ պահին ի՞նչ տարբերակներ ունենք։ Հավատո՞ւմ և վստահո՞ւմ ենք, որ Քրիստոսն Ամենազոր Աստված է, թե՞ ոչ։ Եվ եթե Տերն ասի մեզ. «Գնա՛նք մյուս կողմը», մենք պետք է արդեն հավատք գործադրենք։ Աստված ակնկալում է, որ մենք հավատանք Իրեն, որ եթե Նա է ասել այսպես, ապա անպայման դա այդպես է, անպայման կկատարվի Իր Խոսքը։

Եթե դու ժամերդ անցկացնում ես լաց լինելով ու բարկանալով, ապա դրանից ոչինչ չի փոխվելու, քանի որ փոթորիկը նույնն է լինելու։ Եթե նստես ու ոչինչ չանես, ապա դրանից էլ ոչինչ չի փոխվելու, քանի որ փոթորիկը նույնն է լինելու։ Նույնիսկ եթե ապշեցնող բաներ դավանես՝ փողոցով վեր ու վար պտույտներ անելով, շատ հավանական է, որ դարձյալ ոչինչ չէր փոխվելու և փոթորիկը նույնը կլիներ։

Բարեկամներ, կեղծավորությունը ողջ մարդկության աքիլեսյան գարշապարն է և կեղծավոր մարդիկ հայտնի են նաև նրանով, որ չեն անում այն, ինչ ասում են։ Բայց Աստվա՛ծ, այո՛ Աստված, Նա՛ հենց միակն է, ով անում է այն ամենը, ինչ ասում է։ Նա՛ միակն է, ով պահում է Իր բոլոր խոստումները։ Եվ Նա՛ միակն է ողջ Տիեզերքում, ամենուր, ով կեղծավոր չէ։

Հիսուս իսկապես հանդարտեցրեց փոթորիկը, բայց նաև հանդիմանեց աշակերտներին՝ ասելով. «Ինչպե՞ս է, որ հավատք չունեք» (Մարկոս 4.40)։ Կարծում եք, Նա չգիտե՞ր այդ մասին, թե՞, ավելի հավանական է, որ հարցնում էր նրանց՝ հույս ունենալով, որ նրանք իրենք իրենց այդ նույն հարցը կտային։ Իհարկե Տերը գիտեր պատասխանը, բայց նրանք՝ ոչ։ Մեր ապագայի համար կենսական նշանակություն ունի հավատքի մեջ մեր աճելը։ Եվ հավատքի մեջ աճը տեղի չի ունենում այն պատճառով, որ մեզ մոտ միշտ ամեն ինչ լավ է լինում։

Մենք պետք է սովորենք հաղթահարել մեր վախերն ու անցնենք «մյուս կողմը»։ Հեշտ է վայելել մեր այն իրավիճակը, երբ մեզ հետ ամեն ինչ լավ է, բայց մենք պետք է սովորենք վայելել իրավիճակը նաև այնտեղ, որտեղ գտնվում ենք՝ «մյուս կողմն» անցնելու մեր ճանապարհին։ Եվ շատ կարևոր է վայելել իրավիճակները՝ ունենալով ուրախություն ու խաղաղություն՝ և՛ փոթորկներիի մեջ, և՛ նաև փոթորիկները հանդարտվելուց հետո։

Եթե չես կարող փոթորիկներից դուրս գալ Հիսուսի հետ, ապա եղի՛ր փոթորկի մեջ՝ Հիսուսի հետ և «թող նավը քշվի» (Գործք 27.15)։ Հենվի՛ր քամուն և վստահի՛ր Աստծուն: Հիսուս երբեք մեզ չի լքի՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ հետո: Եվ թող հավա՛տքը գործի:

Իսկ դու ի՞նչ ես մտածում․․․

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan. 31.07.2025)